Foto

Սարգիս Ստեփանյանն Աշխարհի առաջնությունում նվաճել է ոսկե մեդալ՝ դառնալով Աշխարհի քառակի չեմպիոն (տեսանյութ, լուսանկարներ)

Սեպտեմբերի 16-ին, Բուլղարիայի Ալբենա քաղաքում ընթացող Պարաբազկամարտի աշխարհի 27-րդ առաջնությունում, մինչև 80 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Սարգիս Ստեփանյանը դարձել է աշխարհի քառակի չեմպիոն։

Tert.am-ի հետ զրույցում մարզիկը նշեց, որ թե՛ մրցաշրջանից առաջ, թե՛ մրցումների ընթացքում ունեցել է վնասվածք, որն «իր գործն արել, խանգարել է», սակայն երբ նպատակն ու խնդիրը հստակ են, գնում է առաջ՝ առանց նահանջի։

«Եթե ես դնում եմ հստակ խնդիր, նպատակ՝ գնում եմ նպատակիս հետևից, ինչ գնով էլ լինի։ Դա իմ սկզբունքն է։ Ես հաղթելու գաղափարն ամեն ինչից վեր եմ դասել, դրանով գնացել առաջ»,-ասում է Ստեփանյանը։

Մրցաշարում ներգրավված են եղել 58 երկրների ներկայացուցիչներ, սակայն հայ մարզիկը կարողացել է գերազանցել իր մրցակիցներին՝ Ուկրաինայի և Վրաստանի ներկայացուցիչներին, նվաճելով ոսկե մեդալը։

Մրցավայրում հայ մարզիկներին իր ներկայությամբ աջակցել և ոգևորել է նաև Բուլղարիայում ՀՀ հյուպատոս Թամարա Հովնանյանը։

Հայաստանն առաջնությունում ներկայացված է 8 մարզիկով: Հավաքականի գլխավոր մարզիչը Գևորգ Ստեփանյանն է, ով նաև Սարգիս Ստեփանյանի անձնական մարզիչն է։

Հաղթանակից անմիջապես հետո Սարգիս Ստեփանյանը գրառում է կատարել իր սոցիալական էջում՝ հայտնելով ուրախության և երախտագիտության խոսքեր.

«Սա արդեն իմ չորրորդ աշխարհի չեմպիոնական տիտղոսն է, և իմ մարզական ուղու ընթացքում ես նաև դարձել եմ հնգակի Եվրոպայի չեմպիոն, ինչպես նաև երկու անգամ նվաճել եմ Աշխարհի գավաթը։ Շնորհակալ եմ բոլորին աջակցության և վստահության համար։ Այս հաղթանակը պատկանում է նաև ձեզ»։

Խոսելով ապագայի պլանների մասին՝ Ստեփանյանը ընդգծում է, որ շարունակելու է իր դիրքը պահել «Պարաբազկամարտ»-ում, սակայն այս պահին իր ամենամեծ նպատակը 2028 թվականին Լոս Անջելոսում կայանալիք Պարալիմպիկ խաղերում, «Գնդի հրում» սպորտաձևում չեմպիոն դառնալն է։

Հիշեցնենք, որ Աշխարհի առաջնությունից առաջ զրուցել էինք Սարգիս Ստեփանյանի հետ, որտեղ նա ներկայացրել էր իր հաղթական տեխնիկան և ոչ միայն: