Foto

Փարիզում ցուցարարները փողոցներ են փակել

Փարիզում ցուցարարները փողոցներ են փակել և խարույկներ վառել՝ ի նշան դժգոհության կառավարության կողմից առաջարկվող խիստ խնայողության միջոցառումների: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Փարիզի արևելքում գտնվող լիցեյներից մեկի մոտ ցուցարարներն աղբ են թափել ճանապարհի վրա և այրել այն, ինչի հետևանքով երթևեկության խցանումներ են առաջացել։ Այս տարածքում նկատվել է իրավապահների մեծ խումբ։ Փարիզի օղակաձև ավտոճանապարհի վրա տեղի են ունեցել արգելափակման փորձեր։ 

Նշվում է, որ ըստ տեղական ԶԼՄ-ների՝ ցուցարարներն այրել են ազդանշանային մալուխները Թուլուզի մոտ գտնվող երկաթուղագծի վրա. գնացքների երթևեկությունը տվյալ հատվածով դադարեցվել է։

Հուլիսին Ֆրանսիայի այն ժամանակվա վարչապետ Ֆրանսուա Բայրուն ներկայացրել էր 2026 թ. բյուջեի օրինագիծը։ Իշխանությունները մտադրվել էին բյուջետային մի քանի հոդվածների վրա խնայել 43,8 միլիարդ եվրո՝ ավելի վաղ նախատեսված 40 միլիարդի փոխարեն։

Կառավարության պլանի համաձայն՝ կենսաթոշակներն ու սոցիալական նպաստները չեն ինդեքսավորվի, և ոչ մի գերատեսչության բյուջե չի աճի, բացառությամբ պաշտպանության նախարարության, որը կստանա լրացուցիչ 3,5 միլիարդ եվրո՝ «աշխարհում անվտանգության հետ կապված իրադրության վատթարացման պատճառով»։ 

Բայրուն նաև հայտարարել էր, որ բյուջեի դեֆիցիտը կրճատելու համար «ֆրանսիացիները պետք է ավելի շատ աշխատեն»։ Նա առաջարկել էր երկու պետական ​​տոները դարձնել աշխատանքային (օրինակ՝ դադարեցնել պաշտոնական տոն համարել ֆաշիզմի նկատմամբ Հաղթանակի օրը, որը Եվրոպայում նշվում է մայիսի 8-ին)։ Հայտարարված միջոցառումները մեծ վրդովմունք են առաջացրել ֆրանսիացիների շրջանում։

Այս ամենին ֆոնին սեպտեմբերի 8-ին Ֆրանսիայի Ազգային ժողովը ձայների 364-194 հարաբերակցությամբ անվստահություն էր հայտնել վարչապետ Ֆրանսուա Բայրուին։ Սեպտեմբերի 9-ին Բայրուն հրաժարականի դիմում էր ներկայացրել Մակրոնին: