«Զարկերակ» կայքի և Հ1 հ/ը կայքում անմիջապես արտատպված հոդվածի առնչությամբ բազմաթիվ հարցումներին ի պատասխան ցանկանում ենք տեղեկացնել, հոդվածում կատարված վերագրումները կեղծ են ու մտացածին։ Եկեղեցին երբեք կարիք չունի ֆեյքերի՝ որևէ ճշմարտություն և հարց բարձրաձայնելու համար, այս մասին հաղորդում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից։
«Մայր Աթոռի Տեղեկատվական բաժինն իր գործառույթների շրջանակներում բնականաբար տարբեր ձևաչափերով մշտապես կապի մեջ է և համագործակցում է Եկեղեցու թեմերի մամլո պատասխանատուների և հոգևորականների հետ։ Տեղեկատվության պատշաճ տարածման նպատակով Տեղեկատվականը ունի եկեղեցականաց առանձին խմբեր, որոնց հետ ըստ անհրաժեշտության կազմակերպվում են խորհրդակցություններ և թեմատիկ քննարկումներ»,- ասվում է հայտարարությունում։
Հիշեցնենք, որ Հանրային հեռուստաընկերությունը լուր էր հրապարակել Ամենայն Հայոց կաթողիկոսի մասին՝ «Կտրիճ Ներսիսյանը դեռևս 2024-ին ֆեյքերեցների գունդ է ձևավորել» վերնագրով: Սակայն կարճ ժամանակ անց հրապարակումը հեռացրել են: