Ազգային ժողովում ներկայացվեց «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումների և փոփոխությունների նախագիծը, որը մաս է կազմում Կադաստրի կոմիտեի թվային օրակարգին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախաձեռնությունը խորհրդարանում ներկայացրեց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը։
Նրա խոսքով՝ եթե մինչ այժմ թվային համակարգում կարգավորվում էին միայն իրավահաստատող փաստաթղթերը, ապա փոփոխություններով սահմանվում են պահանջներ նաև ոչ իրավահաստատող փաստաթղթերի դեպքում։
Թովմասյանի պարզաբանմամբ՝ գրասենյակում ներկայացրած փաստաթղթերը կտեսաներածվեն թվային համակարգում, այնուհետև քաղաքացին էլեկտրոնային ստորագրությամբ կհաստատի փաստաթղթերի ներկայացման փաստը։ Դրանից հետո թղթային տարբերակը կվերադարձվի քաղաքացուն, և պահպանվելու է միայն էլեկտրոնային տարբերակը։
«Սա թույլ կտա լուծել անընդհատ մեծացող թղթային արխիվի խնդիրը և բարձրացնել յուրաքանչյուր գույքի վերաբերյալ տվյալների որակը»,-նշեց Կադաստրի կոմիտեի ղեկավարը։
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նախագծի վերաբերյալ տվել է դրական եզրակացություն։