Իրանի կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի մշակույթի և իսլամական առաջնորդության նախարար Աբբաս Սալեհի Օմիդին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։
Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Մշակույթի զարգացման հիմնադրամի տնօրեն Կարեն Ավետիսյանը, Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը, ԻԻՀ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հակոբյանը, ինչպես նաև պատվիրակության այլ անդամներ։
Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել իրանական կողմին ջերմ ընդունելության համար, կարևորել երկու երկրների միջև ձևավորված բարեկամական ու գործընկերային հարաբերությունները՝ ընդգծելով նաև մշակույթի ոլորտում փոխգործակցության լայն ներուժը։
Կողմերը քննարկել են նաև Հայաստանում Իրանի մշակույթի օրեր և Իրանում Հայաստանի մշակույթի օրեր անցկացնելու հնարավորությունը։
Հատուկ ուշադրություն է դարձվել կինոոլորտին, մասնավորապես՝ «Ոսկե ծիրան» և «Ֆաջր» կինոփառատոների միջև հաստատված հաջող համագործակցության շարունակմանը։ Նշվել է, որ Իրանում տեղի է ունեցել անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ֆիլմի ցուցադրությունը: