«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի մրցույթին քիչ ժամանակ է մնացել. այն կայանալու է սեպտեմբերի 2-ին:
Սոցապնախարար նշանակված Արսեն Թորոսյանն ու առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ըստ տարբեր աղբյուրների, ջանքեր են գործադրում ՔՊ-ական նախկին պատգամավոր Նարեկ Զեյնալյանին ՍԳԼ տնօրենից մեկընդմիշտ հեռացնելու համար:
Հիշեցնենք, որ տնօրենի այս պաշտոնի համար մրցելու են «մերժված նախկինների» օրոք բարգավաճ կյանքով ապրած, պաշտոններ զբաղեցրած Նարեկ Վանեսյանը, ՔՊ-ական նախկին պատգամավոր, ՍՄՍ-ով մանդատից հրաժարված Նարեկ Զեյնալյանը եւ «Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը:
Իսկ ով է Նարեկ Վանեսյանը:
Դեռեւս հեռավոր 2015 թվականին Նարեկ Վանեսյանը մեկ տարում 3 տարբեր պաշտոններ էր զբաղեցրել.
2015 թվականի մայիսի 27-ին կայացած մրցույթի արդյունքում, որին մասնակցել էր 4 թեկնածու, Նարեկ Վանեսյանն ընտրվել էր Իջեւանի բժշկական կենտրոնի տնօրեն:
2015 թվականի մայիսի 29-ին, մարզպետ Հ. Աբովյանի որոշմամբ, նա Իջեւանի ԲԿ-ի տնօրեն էր նշանակվել 6 ամիս ժամկետով:
Իսկ 2015 թվականի հոկտեմբերի 12-ից Վանեսյանը պաշտոնավարեց որպես մարզպետարանի աշխատակազմի վերոհիշյալ վարչության պետ:
Արդեն 2018 թվականի հետհեղափոխական Հայաստանում Նարեկ Վանեսյանը Արսեն Թորոսյանի կողմից նշանակվել է Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի՝ Նուբարաշենի հոգեբուժարանի ղեկավար: Նա աշխատանքից ազատման դիմում էր գրել, որին նախորդել էր սկանդալ, այն է՝ 2018 թվականի հոկտեմբերի 26-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հրապարակել էր հայտարարություն այն մասին, որ Պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքումից հետո հոգեբուժարանից ազատ է արձակվել անձ, որը հոգեբուժարանում պահվել է առանց հիմքերի։ Հայտարարությունից հետո այդ հոգեբուժարանի ղեկավարը թույլ էր տվել անօրինական վարքագիծ (https://factor.am/94388.html):
Բանն այն է, որ բացի այս սկանդալից, Վանեսյանի մասին մամուլում ավելի աղմկահարույց հրապարակումներ են եղել։ Նմանօրինակ մի դեպք Նարեկ Վանեսյանի հետ է կապվում կաշառքի գործով։
Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր. օր.-ի 178 հոդվածի 1-ին մասի (խարդախությունը, խաբեությամբ կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակությունը կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելը) հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Կայքի տեղեկություններով՝ մի քաղաքացի դիմել է իրավապահներին եւ հայտնել, որ Նարեկ Վանեսյանն իրեն աշխատանքի ընդունելու համար պահանջել եւ ստացել է 3000 ԱՄՆ դոլար կաշառք, սակայն ամեն անգամ ձգձգել է աշխատանքի ընդունելու գործընթացը:
Քաղաքացին տեսնելով, որ Վանեսյանը խաբել է իրեն, դիմել է իրավապահներին։
Նարեկ Վանեսյանը նշված քրեական գործում ներգրավված է եղել որպես կասկածյալ, եւ նրանից ստորագրություն են վերցրել՝ բնակության վայրից չհեռանալու վերաբերյալ (https://tert.am/am/news/2019/02/05/Narek-vanesyan/2913131?fbclid=IwAR0B4-qogkZBSThqee4gi3J6iljauGRMa8EVQynagnxCgwotQ34N6Bhrf2I):
Ահա այս կոռուպցիոն դրսեւորումներից հետո Վանեսյանի «հովանավոր» Արսեն Թորոսյանը, որը երեկ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար նշանակվեց, Նարեկ Վանեսյանի դեմքով պայքարում է ԲԿ-ի տնօրեն դառնալու համար։ Իսկ այդ բժշկական կենտրոնին ահռելի ֆինանսական հատկացումների եւ մյուս ենթադրյալ կոռուպցիոն երեւույթների մասին բազմաթիվ հրապարակումներ կան ու դեռ պատրաստվում են:
Շարունակելի»։