«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում նոր տնօրենի մրցույթ է հայտարարված: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այն կայանալու է օգոստոսի 28-ին. հանձնաժողովը մրցույթից հետո պետք է ներկայացնի նոր տնօրենին:
Մեր աղբյուրները փոխանցում են, որ ԲԿ-ի տնօրենի համար առաջադրվել է 8 անձի թեկնածություն, բայց, իհարկե, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ինչպես միշտ ունի իր «սրտի» թեկնածուին, որն այժմ ԲԿ-ի ժամանակավոր պաշտոնակատարն է՝ Կարեն Ծառուկյանը:
Մենք տեղեկացանք, որ ինչքան էլ Ավանեսյանը դերակատարում ունի մրցութային հանձնաժողովում, այժմ, միեւնույնն է, գերլարված մթնոլորտ է, թե ինչպես կկարողանան իրենց թեկնածուին «անցկացնել» ու տնօրեն նշանակել:
Հիշեցնենք, որ դեռեւս ապրիլին ArmLur.am-ը գրել էր, որ Վ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանի փոխարեն տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվելու Կարեն Ծառուկյանը, որն էլ Ավանեսյանի թեկնածուն է: Նշենք, որ Կարեն Ծառուկյանը զբաղեցնում էր Վ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի Օնկոուրոլոգիական բաժանմունքի բաժնի վարիչի պաշտոնը։
Ըստ մեր աղբյուրների՝ նախարար Ավանեսյանը ամեն բան անում է, որպեսզի տարբեր բժշկական կենտրոններում տնօրենի պաշտոնում իր սրտով մարդիկ նշանակվեն, որոնք անվերապահորեն կենթարկվեն իրեն:
Հիշեցնենք նաեւ ArmLur.am-ի տեղեկությունները այն մասին, որ Նարեկ Մանուկյանը տեւական ժամանակ լարված հարաբերություններ է ունեցել ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ, ու ի վերջո Ավանեսյանին հաջողվել է Նիկոլ Փաշինյանին համոզել՝ Արսեն Թորոսյանի ընկեր Մանուկյանին աշխատանքից ազատելու հարցում:
Նարեկ Մանուկյանն էլ, աշխատանքից ազատվելուց հետո, փորձում է դիրքավորվել ընդդիմադիր դաշտում»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: