Foto

Իրանի նախագահը կարծում է` Բելառուսի հետ համագործակցությունը կօգնի չեզոքացնել պատժամիջոցները

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն իր բելառուս գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ երկու երկրների միջև համագործակցությունը կօգնի չեզոքացնել Արևմուտքի «անօրինական պատժամիջոցները»: Իրանի առաջնորդի խոսքով՝ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների արտաքին քաղաքականության հարցերի լուծման ապակառուցողական մոտեցումը անընդունելի է ինչպես Իրանի, այնպես էլ Բելառուսի համար:


«40 տարուց ավելի նրանք տարբեր պատժամիջոցներ են կիրառել մեր երկրի դեմ, իսկ վերջերս սկսել են դրանք կիրառել նաև Ձեր երկրի դեմ։ Մենք հասկանում ենք, որ մեր համաձայնագրերի իրականացումը և երկկողմ համագործակցությունը միակ միջոցն են այս բոլոր անօրինական պատժամիջոցները չեզոքացնելու համար», - ասել է Մասուդ Փեզեշքիանը։

«Շնորհիվ այն բանի, որ մենք միջազգային շատ հարցերի շուրջ ունենք ընդհանուր դիրքորոշում, ինչպես նաև ԵԱՏՄ-ի, ԲՐԻԿՍ-ի և ՇՀԿ-ի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների, մենք կարող ենք զարգացնել կառուցողական երկկողմ հարաբերություններ», - ընդգծել է Իրանի նախագահը։


Մասուդ Փեզեշքիանը Բելառուս է ժամանել օգոստոսի 18-ին։ Իրանի նախագահի հետ հանդիպման ժամանակ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսը պատրաստ է Իրանի հետ քննարկել ցանկացած հարց, այդ թվում՝ համագործակցությունը սննդամթերքի մատակարարման և ռազմատեխնիկական ոլորտում։

Մինչդեռ, Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին նշել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում երկրների միջև երկկողմ առևտուրն աճել է ավելի քան 14%-ով։ Նրա խոսքով՝ իրանական պատվիրակության Մինսկ կատարած այցի ընթացքում կստորագրվեն Իրանի և Բելառուսի միջև տնտեսական, տեխնոլոգիական և մշակութային ոլորտներում համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր։