Լոռու մարզից հայտագրվել է 1162 դիմորդ, մասնակցել՝ 1112-ը, բուհ է ընդունվել 811 դիմորդ՝ դիմորդների 72%-ը։ Լոռու մարզի հանրակրթական դպրոցների, նախադպրոցական հաստատությունների տնօրենների, փոխտնօրենների մասնակցությամբ գոստոսյան խորհրդակցության ժամանակ նման տվյալներ է հրապարակել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։
Ամենապահանջված բուհերի շարքում առաջին տեղում Վանաձորի պետական համալսարանն է (404 դիմորդ, ընդունվել է 289-ը), երկրորդում՝ Երևանի պետական համալսարանը (173 դիմորդ, ընդունվել է 102-ը), երրորդում՝ Երևանի պետական բժշկական համալսարանը (73 դիմորդ, ընդունվել է 43-ը), իսկ չորրորդ տեղում՝ Պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղը (71 դիմորդ, ընդունվել է 51-ը)։
Փոխնախարարն անդրադարձել է ուսուցիչների կամավոր ատեստավորման ընթացքին՝ տեղեկացնելով, որ Լոռու մարզում ատեստավորում է անցել 665 ուսուցիչ. մարզն այս ցուցանիշով գտնվում է 3-րդ հորիզոնականում։ Նա հորդորել է շարունակել գործընթացը՝ նշելով, որ ատեստավորման ուղեցույցներն արդեն հրապարակված են, իսկ հայտագրումը բաց է մինչև սեպտեմբերի 30-ը։ անցկացվել է ամենամյա օգոստոսյան խորհրդակցություն։
Տեղեկացվել է, որ նոր ուստարում հանրակրթության պետական չափորոշիչը ներդրված կլինի 1-11-րդ դասարաններում, իսկ վերջին՝ 12-րդ դասարանում այն կներդրվի հաջորդ տարվանից:
4-րդ և 9-րդ դասարաններում՝ որպես նոր չափորոշչով ավարտողներ, քննությունները նոր ձևաչափով են կազմակերպվելու:
Խոսելով դպրոցներում երկարօրյա ծառայության մասին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը նշել է, որ այն նախատեսված է առաջադիմության խնդիր ունեցող սովորողների համար, ուստի կարևոր է, որ դպրոցները ծրագիրն իրականացնեն առավել արդյունավետ՝ նպաստելով կրթության որակի բարելավմանը:
Լուսանկարը՝ այս տարի հունիսի 17-ի մաթեմատիկայի քննությունից։