Foto

Պորտուգալիայում աճում է հրդեհների զոհերի թիվը

Պորտուգալիայում անտառային հրդեհների պատճառով զոհերի թիվն ավելացել է։ Հրդեհը մարելու մեկնած խմբի հրշեջը մահացել է ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով, իսկ նրա չորս գործընկերները վիրավորվել են։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։ 

Պորտուգալիայի կառավարությունը արտակարգ դրությունը երկարաձգել է ևս երկու օրով։ Երկրում մոլեգնում են հինգ խոշոր անտառային հրդեհներ և տասնյակ ավելի փոքր հրդեհներ։ Նոր բռնկումների ռիսկը համարվում է բարձր։

Հրդեհն արդեն կլանել է 172 հազար հեկտար տարածք։ Ընթացիկ տարվա հրդեհների տարածքն արդեն 17 անգամ մեծ է, քան ամբողջ անցյալ տարվանը, և այս տարածքի գրեթե կեսը այրվել է ընդամենը երկու օրում։

Հրդեհի մարման աշխատանքներին ներգրավվել է ավելի քան երկու հազար մարդ, որոնց մոտ կեսը աշխատում է երկրի կենտրոնական մասում գտնվող Արգանիլ մունիցիպալիտետում։

Հրդեհների դեմ պայքարը մեծապես բարդանում է Պորտուգալիայում հրդեհաշիջման ինքնաթիռների բացակայության պատճառով։ Պորտուգալիան մոտ ապագայում սպասում է Եվրոպական քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի շրջանակում պահանջվող ինքնաթիռների ժամանմանը։