Foto

Փեզեշքիանի այցը կնպաստի Հայաստանի և Իրանի միջև դարավոր բարեկամության զարգացմանը․ ԿԳՄՍ նախարար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարար Սեյեդ Ռեզա Սալեհի Ամիրիի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:

Սեյեդ Ռեզա Սալեհի Ամիրին ընդգրկված է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ Հայաստան կատարած պաշտոնական այցի պատվիրակության կազմում: Ողջունելով իրանցի գործընկերոջը՝ Ժաննա Անդրեասյանը կարևորել է ԻԻՀ նախագահի այցը Հայաստան և վստահություն հայտնել, որ այն կնպաստի Հայաստանի և Իրանի միջև դարավոր բարեկամության և փոխհամագործակցության զարգացմանը, մշակույթի ոլորտում ծրագրային նոր նախաձեռնությունների իրականացմանը։

Հանդիպմանը քննարկվել են Իրանի Պերսեպոլիս համալիրի տարածքում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակի հոբելյանական միջոցառում-համերգի անցկացմանը վերաբերող հարցեր։ ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ այն բացառիկ իրադարձություն է և կնպաստի ոչ միայն Հայաստանի մշակութային ժառանգության հանրահռչակմանը, այլև Հայաստանի և Իրանի միջև բարեկամական հարաբերությունների խորացմանը։

ԿԳՄՍ նախարարը կարևորել է նաև Իրանի ազգային գրադարանում հայկական անկյուն բացելու նախաձեռնությունն ու այնտեղ Հայաստանի պատմության և մշակույթի մասին գրքերի ներկայացումը։ ԿԳՄՍ նախարարությունն առաջիկայում ՀՀ ԱԳ նախարարության միջնորդությամբ Իրանի ազգային գրադարանին 15 անուն գիրք կփոխանցի՝ հայկական անկյան բացմանը ներկայացնելու համար:

Ընդգծվել է նաև կինոյի ոլորտում համագործակցության կարևորությունը՝ հաշվի առնելով պատմական ընդհանրություններն ու ոլորտային զարգացման առանձնահատկությունները: Իրանի Իսլամական Հանրապետության մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարար Սեյեդ Ռեզա Սալեհին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և երկու ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների խորացման համատեքստում ընդգծել հատկապես մշակութային կապերի ընդլայնումը:

Կողմերը հեռանկարային են համարել նաև երկու պետությունների մասնագետների ներգրավմամբ արշավախմբեր ձևավորելու, պեղումներ իրականացնելու, ըստ այդմ նաև փորձի փոխանակման հնարավորությունները: Առանձնակի կարևորվել է հայկական և իրանական մշակութային ժառանգության ոլորտում համագործակցությունը, մասնավորապես՝ հուշարձանների պահպանումն ու հանրահռչակումը՝ որպես զբոսաշրջության կարևոր վայրեր:

Ընդգծելով մշակույթի ոլորտում համագործակցության ընդլայնման մեծ ներուժը՝ կողմերը քննարկել են նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում համատեղ հայտի ներկայացման, ցուցահանդեսների անցկացման, թանգարանային ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: