Foto

Իրանը Հայաստանի համար կարևոր գործընկեր է. Խուդաթյանը՝ Իրանի քաղաքաշինության նախարարին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ֆարզանե Սադեղին, ով Հայաստան է ժամանել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի երկօրյա պաշտոնական այցի շրջանակներում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՏԿԵ նախարարը:

«Ողջունել եմ նախարարին՝ ընդգծելով, որ Իրանը Հայաստանի համար կարևոր գործընկեր է։ Հանդիպման սկզբում նախ շնորհակալություն եմ հայտնել նախորդ տարի Լոռու և Տավուշի մարզերում ջրհեղեղից հետո իրանական կողմի ցուցաբերած աջակցության և Հայաստանին մետաղական կամուրջների նվիրաբերման համար։

Այնուհետև անդրադարձ ենք կատարել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքներին։ Նշել եմ, որ աշխատանքների տեմպը գոհացուցիչ է և հայկական կողմը բարձր է գնահատում շինարարական ընկերության ներդրած ջանքերը։

Անդրադարձել ենք նաև տարանցիկ բեռնափոխադրումների սակագնային քաղաքականության վերանայման հնարավորությանը։ Պայմանավորվել ենք հնարավոր սեղմ ժամկետներում խնդրի լուծման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ։

Քննարկվել են ավիացիոն ոլորտին վերաբերող հարցեր։ Կարևորել եմ Իրանի տարբեր քաղաքների հետ կանոնավոր օդային հաղորդակցության ընդլայնումը` ընդգծելով, որ Հայաստանի համար դեպի Իրան օդային ուղղությունը պահանջված է»,-գրել է Խուդաթյանը։