Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաները վերադարձել են Հունգարիայի Զանկա քաղաքում անցկացված մեկշաբաթյա ամառային ճամբարից։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։
Ծրագրի շրջանակում երեխաները մասնակցել են տարբեր ինտելեկտուալ և սպորտային խաղերի, ներգրավված են եղել կրթական և ժամանցային տարբեր նախաձեռնություններում։
Հիշեցնենք, որ ճամբարին մասնակցել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 6-ից 15 տարեկան 100 երեխա։ Նրանց ուղեկցել են 38 մասնագետներ՝ սոցիալական աշխատողներ, հոգեբաններ և մանկավարժներ՝ մարզպետարաններից և համայնքապետարաններից։
Ամառային ճամբարի ծրագիրն իրականացվում է Հայաստանի և Հունգարիայի կառավարությունների համագործակցությամբ՝ սկսած նախորդ տարվանից․ համակարգողը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն է՝ այս տարի Կոտայքի մարզպետարանի և «Հայաստանի Կարիտաս» բարեգործական ՀԿ-ի հետ համագործակցությամբ։
Ծրագիրը շարունակական է և նպատակ ունի ապահովել ընդհանուր առմամբ շուրջ 1000 տեղահանված երեխայի մասնակցությունն ամառային ճամբարին։