Այսօր՝ օգոստոսի 18-ին, հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հովտամեջ գյուղում տուն է այրվում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամանեին Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ, նշված գյուղի 2 տներում առաջացած կրակի դեմ պայքարել են քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատար Արսեն Բաղդասարյանի գլխավորությամբ, կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Թե ինչն է եղել հրդեհի պատճառը՝ պարզվում է, ինչպես նաև պարզվում են տների սեփականատերերի ինքնությունները:
Օպերատիվորեն ժամանել են նաև «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը և «Գազպրոմ Արմենիա» Արմավիրի ԳԳՄ-ի աշխատակիցները: