Foto

Սիրիայի դրուզները զանգվածային բողոքի ցույցեր են անցկացնում Աս Սուվեյդա նահանգում՝ պահանջելով անկախություն

Սիրիայի Աս-Սուվեյդա նահանգում հարյուրավոր բնակիչներ դուրս են եկել փողոցներ՝ պահանջելով ինքնորոշման իրավունք և դատապարտելով հուլիսին տարածաշրջանում տեղի ունեցած կրոնական բռնությունները։

Ինչպես հաղորդում են համաշխարհային լրատվամիջոցները, ըստ Մարդու իրավունքների սիրիական դիտարանի, հուլիսի 13-ին դրուզների և սուննի բեդվինների միջև բախումները վերածվել են լայնածավալ արյունահեղության, որի արդյունքում զոհվել է մոտ 1,600 մարդ, որոնցից զգալի մասը դրուզ քաղաքացիական անձինք են եղել։

Դրուզ խմբավորումների ներկայացուցիչները մեղադրում են Սիրիայի իշխանություններին բեդվիններին աջակցելու և քաղաքացիական բնակչության նկատմամբ բռնություններ գործադրելու, այդ թվում՝ արտադատական մահապատիժների մեջ։ Իշխանությունները պնդում են, որ իրենց գործողությունները նպատակաուղղված էին բացառապես ռազմական գործողությունների դադարեցմանը։

Աս-Սուվեյդայում բողոքի ցույցը քաղաքական բնույթ ստացավ։ Ցուցարարներից մի քանիսը ծածանեցին Իսրայելի դրոշներ և կարգախոսներ վանկարկեցին Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի դեմ։ Պաստառների վրա գրված էր. «Ինքնորոշման իրավունքը սրբազան իրավունք է Աս-Սուվեյդայի համար» և «Հորդանան, բացեք միջանցք օգնության համար»։

Suwayda 24 տեղական հեռուստաալիքի ուղիղ եթերում կանանցից մեկն ասաց, որ բնակիչները չեն ցանկանում ինքնակառավարում կամ ֆեդերալիզացիա, այլ ձգտում են լիակատար անկախության։