Foto

Փաշինյանը չօգտագործեց շանսը, նա կարող էր ազատել Սամվել Կարապետյանին և Միքայել Սրբազանին․ Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է․

«Փաշինյանի չօգտագործված շանսը

Նիկոլ Փաշինյանն անցած երկու օրերին հնարավորություն ուներ ազատ արձակելու Սամվել Կարապետյանին և Միքայել Սրբազանին։

Սակայն նա ընտրեց ոչ թե հանդարտեցնելու և լարվածությունը մեղմելու, այլ անտագոնիզմի խորացման ճանապարհը։

Հայաստանում քաղաքական նկատառումներով մարդկանց կալանավորումը երկրի համար վտանգավոր ճգնաժամի ազդանշան է։

Այն խորացնում է իշխանություն–ընդդիմություն հակադրությունը, փակելով քաղաքական երկխոսության և փոխզիջման դռները։

Տանում է հասարակության խոր բևեռացման, երբ քաղաքացիները սկսում են ապրել ոչ թե ընդհանուր օրակարգով, այլ միմյանց հակառակ բարիկադներում։

Ստեղծում է վստահության խոր ճգնաժամ՝ հատկապես 2026-ի ընտրությունների հանդեպ, երբ հանրության մի մասի աչքում քաղաքական մրցակցությունը վերածվում է իշխանության կողմից վերահսկվող գործընթացի։

Այս ամենը կարող է հանգեցնել վտանգավոր զարգացումների՝ սոցիալական լարվածության, զանգվածային բողոքների և անկայունության։

Եթե Նիկոլ Փաշինյանը 2026-ի ընտրություններն անցկացնի ավտորիտարիզմի նշանաբանով, ապա նա փաստացի խրախուսելու է պայքարի ոչ սահմանադրական և ոչ քաղաքական վտանգավոր դրսևորումները՝ դնելով երկիրը անկանխատեսելի ճգնաժամերի առջև։

Ժողովրդավարությունը չի կարող ամրապնդվել երբ բանտերը
լցվում են քաղաքական հայացքների համար կալանավորվածներով։

Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»: