Սամվել Կարապետյանի և հոգևորականության դեմ հարուցված մեղադրանքների անընդունելիությունը կցնցի օտարերկրյա առաջնորդներին։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է աշխարհահռչակ իրավաբան և միջազգային մարդու իրավունքների պաշտպան Ռոբերտ Ամստերդամը։
Փաստաբանի գնահատմամբ՝ այս գործերը կարճաժամկետ հեռանկարում քաղաքական, իսկ միջնաժամկետում՝ տնտեսական առումով ազդեցություն կունենա Հայաստանի վրա։
Նա Հայաստանի կառավարությանը կոչ արեց երկխոսության մեջ մտնել քաղաքացիական հասարակության հետ և գիտակցել, որ եկեղեցին աջակցում է ժողովրդին, պետությանը և հասարակությանը։
«Դադարեցրեք նման անընդունելի վարքագիծ դրսևորելը։ Ես իմ կյանքում երբեք ոչ մի երկրում նման ամոթալի երևույթ չեմ տեսել, որ այդ տարիքի մարդիկ, ովքեր իրենց կյանքը նվիրել են երկրին և իրենց կյանքում երբեք հանցագործություն չեն գործել, մեղադրվեն և ձերբակալվեն։ Այն պնդումը, թե նրանք պետք է ձերբակալվեն, բացարձակապես ամոթալի է։ Իմ մտահոգությունները, որոնք դարձան իմ Հայաստան այցելության պատճառը, լիովին հաստատվել են։»,- նշել է նա։
Ըստ իրավաբանի՝ Հայաստանի առաջնորդները ներկայացնում են երեք միլիոն բնակչություն ունեցող երկիր, որը տնտեսական, քաղաքական և իրավական աջակցության առումով կախված է այլ երկրներից։
«Որպես մարդ, որը Հայաստանին հաջողություն է ցանկանում, չեմ կարծում, թե այն փաստը, որ ես երբևէ ներկայացրել եմ ուրիշի շահերը, խնդիր է ստեղծում։ Նրանք դիմել են ինձ, քանի որ ես արդյունավետ աշխատում եմ, և մտադիր եմ արդյունավետ լինել նաև Հայաստանում։ Երբ ես աշխատում եմ քրիստոնյաների համար, ես ամենաարդյունավետն եմ։ Նրանք հավատացյալներ են, որոնք ցանկանում են իրականացնել իրենց կրոնական իրավունքները։ Նման մարդկանց պաշտպանությունը բարձրագույն առաքելություն է»,- ընդգծել է փաստաբանը։
Ըստ փաստաբանի՝ հարուցված գործերում առկա է ապացույցների լիակատար բացակայություն և դժվար է նույնիսկ հասկանալ եկեղեցու բարերարի դեմ ուղղված մեղադրանքների էությունը։
«Հաշվի առնելով հարձակումների քաղաքական բնույթը, ես չեմ քննարկի այն հարցը, թե ում հետ եմ հանդիպում՝ վենդետայի վախից ելնելով։ Ես բախտավոր եմ, որ ունեմ ամերիկյան անձնագիր։ Բայց շատ մարդիկ, որոնց հետ ես հանդիպում եմ, ապահով չեն։ Երբ որևէ կառավարություն իրեն օրենքի շրջանակից դուրս է դնում, ապա անվտանգություն չկա»,- նշել է Ամստերդամը։
Նշենք, որ քաղաքական հարցերով առաջին կարգի միջազգային փաստաբանի այցը անհետաձգելի է և առնչվում մի քանի աղմկահարույց գործերի՝ արքեպիսկոպոսների գործի, Հայ Առաքելական եկեղեցու վրա ճնշումների, գործարար Սամվել Կարապետյանի ձերբակալությանը։