«Փաշինյանը դետալների մեջ չի մտնում, բայց, ինչպես անգլիացիներն են ասում, սատանան դետալների մեջ է: Հայաստանի իշխանությունը չի գաղտնազերծում, թե ինչ իրավական ռեժիմ է գործելու, որովհետեւ հասկանում են՝ քիչ թե շատ գիտակից մարդու համար պարզ է լինելու, որ Հայաստանի Հանրապետության այդ տարածքի նկատմամբ Հայաստանի իրավազորությունն էապես նվազելու է»,- «Հրապարակ»-ի հետ զրույցում ասում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ վերլուծելով վաշինգտոնյան հռչակագիրը, որով Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ-ի նախագահ Թրամփի քավորությամբ Ադրբեջանին հանձնեց Ալիեւի ցանկացած անխոչընդոտ ճանապարհը:
Նրա խոսքով, Հայաստանը, փաստացի, իր տարածքով միջանցք տվեց Ադրբեջանին, որը վերահսկվելու է երրորդ երկրի կողմից: Վաշինգտոնյան հռչակագրի արձանագրումներն ու հայ-ադրբեջանական, այսպես կոչված, խաղաղության համաձայնագրի նախաստորագրված տեքստը փաստացի հաստատեցին բոլոր մտահոգությունները, որ այս ամբողջ ընթացքում հնչում էին ընդդիմադիրների կողմից: Կատարելով Բաքվի բոլոր նախապայմանները՝ Նիկոլ Փաշինյանը ստացավ թղթի կտոր, որը, ինչպես մեր զրուցակիցն է ասում, դարձնելու է Քաջ Նազարի դրոշակը՝ սպասվող ընտրություններից առաջ, թե տեսեք, նախաստորագրել ենք, հիմա թողեք, որ «խաղաղությունն» անշրջելի լինի: «Ադրբեջանը դա շատ լավ հասկանում է եւ դրա համար էլ Փաշինյանից նոր զիջումներ է կորզում, որոնք նա պատրաստ է կատարել: Այստեղ Ալիեւի եւ Փաշինյանի շահերը համընկնում են՝ Ալիեւին պետք է, որ Հայաստանը լինի խամաճիկային պետություն, Փաշինյանը համաձայն է նրան, որ ինքն իշխի այդ խամաճիկային պետության մեջ, եւ պատահական չէ, որ Ադրբեջանը սկսել է հայտարարել, որ թույլ չեն տա Հայաստանում, այսպես կոչված, ռեւանշիստական ուժերի վերադարձ, մասնավորապես, հունիսի 30-ին Ադրբեջանի ՊՆ-ի հետ շատ սերտ կապված caliber.az կայքի հոդվածը:
Ի դեպ, այսպես կոչված, խաղաղության համաձայնագրի 8-րդ կետում դրույթ կա, որով պետությունները պայքարելու են ատելության, ազգային թշնամանքի տարածման եւ դիմացի երկրի տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնող ուժերի դեմ: Ակներեւաբար, Ադրբեջանը համարում է, որ ցանկացած ուժ, կազմակերպություն կամ մարդ, որը խոսում է Արցախի ու արցախահայության իրավունքների մասին, տարածքային նկրտումներ ունի Ադրբեջանի դեմ: Այդ հոդվածը հնարավորություն է տալիս Փաշինյանին՝ ռեպրեսիաներ ու տեռոր սկսել այն ուժերի դեմ, որոնք կխոսեն արցախցիների հավաքական իրավունքների, գերիների ազատ արձակման մասին: Սա Ալիեւի եւս մեկ հաղթանակն է»,- ասում է Արթուր Խաչատրյանը:
Ըստ ընդդիմադիր պատգամավորի, այդ փաստաթղթերով ԱՄՆ-ն, Ադրբեջանն ու Փաշինյանը՝ անձամբ, շահում են, բայց կորցնում է Հայաստանը: Բաքուն ստացավ նաեւ ԵԱՀԿ ՄԽ-ի ուծարումը եւ այն, ինչի համար պայքարում էր 33 տարի շարունակ՝ ԱՄՆ-ն վերացնում է Ազատության աջակցության ակտի 907-րդ բանաձեւը, որն արգելում էր ԱՄՆ-ին Ադրբեջանին ուղիղ ռազմական աջակցություն ցուցաբերել:
Մարիաննա ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: