Foto

Նախկին լրագրողի կողմից ղեկավարվող կառավարությունը «Առավոտ»-ին հանում է Մամուլի շենքից․ Աննա Իսրայելյան

Այս պատմությունը մեր մասին չէ, «Առավոտի» մասին չէ: Բազմաթիվ խմբագրություններ են գործում Մամուլի շենքից դուրս: Ու թեեւ «Առավոտը» 31 տարի՝ 1994 թվականից, հենց այս շենքում է գործել, ոչինչ, մենք էլ այլ տարածք կգտնենք, կտեղափոխվենք, մեծ ցավ չի: Ու սուսուփուս դա էլ անում էինք, մինչ մեր գործընկերներին հայտնի չդարձավ, որ «Առավոտին» հանում են, ու երեկվանից հեղեղում են հարցերով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող Աննա Իսրայելյանը։

«Այս պատմությունն այլ բանի մասին է: Խորհրդային իշխանությունը Մամուլի շենքը հենց խմբագրությունների համար էր կառուցել: Հաջորդող բոլոր իշխանությունները, որքան էլ բարդ հարաբերություններ ունենային ԶԼՄ-ների հետ, միևնույն է՝ Մամուլի շենքի տարածքները թողնում էին խմբագրություններին:

Իսկ այժմ նախկին լրագրողի կողմից ղեկավարվող կառավարությունը գործող ԶԼՄ-ին հանում է Մամուլի շենքից:

Ասեմ, որ խորհրդային տարիներից այս շենքում շատ բան չի էլ փոխվել՝ ասենք, հազիվ փոխեցին մի վերելակը: Մյուսը փոխվել էր նախորդ իշխանության օրոք: Մի խոսքով՝ իրենց ներդրումը, շատ մեղմ ասած, չկա:

Առաջին իսկ պահից չեմ կասկածել, որ եթե վատություն անելու հնարավորություն ունենան՝ անպայման կանեն: Այս ինչքան կանխատեսելի եք»,-գրել է Իսրայելյանը: