Զառա Ամատունու խոսքով՝ հաջորդ այցի հետ կապված որևէ հստակություն չկա։
Ադրբեջանում պահվող 23 հայ գերիների հետ վերջին տեսակցությունը և նրանց վերջին կապն ընտանիքների հետ կազմակերպվել է այս տարվա հունիսին։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
Թե հաջորդ այցը երբ կլինի, հայտնի չէ։
«Այս պահին դեռևս չկա որևէ հաստատում հերթական այցի առնչությամբ՝ Ադրբեջանի Կարմիր խաչի գրասենյակի հետագա գործունեության խնդիրների հետ կապված», – ասաց նա։
Անդրադառնալով Բաքվի այն հայտարարությանը, որ մտադիր է փակել Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչությունը` Ամատունին հայտնեց, որ այն դեռևս չի փակվել, բայց գտնվում է փակման շեմին։ Նա հավելեց` Կարմիր խաչը հումանիտար հարցերի շուրջ բանակցում է Ադրբեջանի իշխանությունների հետ՝ ներառյալ Ադրբեջանում կալանավորված անձանց այցելությունների հարցերով։
Հիշեցնենք` ըստ պաշտոնական տվյալների` Բաքվում պահվում է 23 հայ, որոնցից 5-ը գերեվարվել են 2020 թվականին, իսկ մյուսները` 2023 թվականին։ 23 անձից 7-ի մասով արդեն իսկ դատավարություններն ավարտվել են, կան մեղադրական վճիռներ։