Օգոստոսի 1-ից ուժի մեջ է մտնում Երևանում հանրային տրանսպորտի ուղեվարձը չվճարելու համար 15 000 դրամ տուգանք նախատեսող օրինագիծը։ «Փաստինֆոն» դիմեց Երևանի քաղաքապետի մամլո խոսնակ Հայկ Կոստանյանին՝ օրենքի կիրառման հետ կապված որոշ պարզաբանումներ ստանալու համար, սակայն պաշտոնյան առաջարկեց գրավոր հարցում ուղարկել։ Սա այն դեպքում, երբ գրավոր հարցումներին պատասխանում են լավագույն դեպքում 5-օրյա ժամկետում, սակայն մեծամասամբ մեկ ամիս ժամանակ են խնդրում՝ լրացուցիչ ուսումնասիրության պատճառաբանությամբ։ Մինչդեռ օրենքն ուժի մեջ է մտնում ընդամենը երկու օրից։
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանի գնահատմամբ՝ ինչպես քաղաքապետարանի ցանկացած այլ որոշում, այս մեկը ևս իրագործման խնդիր է ունենալու։ Նրա փոխանցմամբ՝ գործառույթն իրականացնելու են Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության վարչության աշխատակիցները, որոնք զբաղվում են փողոցային առևտրով կամ ապօրինի շինարարությամբ։
«Ես քաղաքացի եմ ու կարծում եմ՝ արժանապատիվ տրանսպորտ չկա, բայց եթե մեկն ուզենա ինձ տուգանել՝ ես կթքեմ ուղիղ երեսին», – ասում է Մանուկյանը։
Դիտարկմանը, թե ինչ պետք է անեն, եթե մարդը անձը հաստատող փաստաթուղթ չունենա, Մանուկյանն արձագանքեց՝ այդ դեպքում պիտի տանեն ոստիկանության բաժին, թեև այստեղ էլ վիճելի է՝ իրենք ունե՞ն դրա իրավունքը, թե՞ ոչ։
«Կամ պետք է ոստիկանություն կանչեն ու փորձեն տուգանել մարդուն։ Վստահ եմ, որ այս մեխանիզմը չի կիրառվելու։ Սա նաև խառնաշփոթ է առաջացնելու։ Եթե հասարակական կարգի պահպանման աշխատակիցներն են հսկելու տրանսպորտը և տուգանելու՝ բա հասարակական կարգը ո՞վ է պահպանելու։ Ոնց են առհասարակ գործընթացը պատկերացնում, օրինակ՝ պիկ ժամերին, մարդկանց իջեցնե՞լու են, որ տուգանեն։ Կամ եթե մարդը բարձրանում է լիքը ավտոբուս ու ֆիզիկապես չի կարողանում հասնել սարքին՝ գալու են տուգանե՞ն։ Իրենք ժողովրդին տուգանելու, քերելու, քերթելու նպատակ ունեն, ուրիշ ոչինչ։ Սա բլեֆ է, ու դրա արդյունքում իրենք ոչ մի բանի չեն կարողանալու հասնել, քանի որ իրենց «ԹելՍելլ» համակարգը չի գործում։ Իրենք չեն կարողանում վերահսկել համակարգը»։
Մանուկյանը նաև ընդգծում է՝ եթե այս մեխանիզմն էլ կիրառվի, և դրանից հետո էլի գումար չհավաքագրվի, ինչի՞ց են պատրաստվում հրաժարվել։
«Եթե բյուջեն կրկին թերակատարվի 2–3 միլիարդ դրամով, իրենք պատրա՞ստ են քաղաքական պատասխանատվություն կրել։ ՔՊ-ն պատրա՞ստ է քաղաքական պատասխանատվության կամ պատրա՞ստ են գնալ՝ դատվել»։
Դիտարկմանը, թե իրականում չվճարողներն եզակի են, հետևաբար ինչու են հավաքագրումները թերակատարվում, նա արձագանքեց.
«Եթե կա կարծիք, որ մարդիկ վճարում են, բայց թերակատարվում է՝ նշանակում է՝ քաղաքապետարանում նստած են թալանչիներ։ Նշանակում է՝ «ԹելՍելլ»-ի վերահսկող մարմինը, որ քաղաքապետարանում ունեն, ու որի տնօրենին էլ 2 միլիոն աշխատավարձ են տալիս, էդ մարդը չի կարողանում Excel աշխատացնել։ Իրենք օնլայն ռեժիմով չեն կարողանում հսկել՝ ինչքան մարդ նստեց ավտոբուս։ Մյուս կողմից էլ ժողովուրդն օբյեկտիվորեն բոյկոտում է ու չի վճարում։ Հիմա ինչ են պատասխանելու մարդկանց հարցին՝ ինչի՞ համար պետք է ավել գումար վճարեն»։
Նշենք, որ օգոստոսի 1-ից շրջանառությունից դուրս են գալու նաև մեկանգամյա տոմսերը։ Մանուկյանի դիտարկմամբ՝ սա արդեն մարդու իրավունքների կոպիտ խախտում է, քանի որ դրանով մարդուն պարտադրում են դառնալ «ԹելՍելլ»-ի բաժանորդ։
«Եթե չես ցանկանում՝ նշանակում է դատապարտված ես տրանսպորտից չօգտվելու։ Իրենք քաղաքացուն այլընտրանքի հնարավորություն չեն տալիս։ Ես կարող եմ չցանկանալ տրամադրել իմ տվյալները մասնավոր ընկերությանը։ Իրենք նման հնարավորություն չեն թողնում, ամբողջությամբ պետական մենաշնորհ են ստեղծում», – եզրափակել է Մանուկյանը։