📍 Դեռևս ամիսներ առաջ Ազգային ժողովում հարց էի ուղղել ՆԳՆ նախարար Արփինե Սարգսյանին, թե արդյո՞ք օրինական է, երբ ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհներին ներգրավվում են շուրջօրյա հերթապահության մեջ՝ այս կամ այն բարձրաստիճան պաշտոնյային պատվի առնելու համար։
Նախարարն առաջարկեց գրավոր դիմել, ինչին ի պատասխան՝ ստացել եմ թերի պարզաբանում, թե փրկարարական ծառայողները նշված վայրերում իրականացնում են ծառայություն՝ օրենքով իրենց վերապահված լիազորությունների իրականացման շրջանակներում։
Մինչդեռ, բազմաթիվ հարցեր մնում են անպատասխան։
⁉️Այդ ինչպե՞ս է ստացվում, որ հատկապես վարչակարգի պարագլխի մարզային այցելությունների ժամանակ ՆԳՆ փրկարար ծառայության հարյուրավոր աշխատակիցներ հայտնվում են ավտոճանապարհների մայթերին։
⁉️Արդյո՞ք այն չի իրականացվում հարկադրանքի միջոցով, և արտաժամյա, ինչպես նաև՝ հանգստյան և տոն օրերին հավելյալ աշխատանքի դիմաց վճարվու՞մ են արդյոք աշխատակիցները համապատասխան կարգով։
▪️Հայտնի է, որ փրկարար ծառայությունն իրականացնում է արտակարգ իրավիճակների կանխման, հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման, քաղաքացիական պաշտպանության գործառույթներ, արտակարգ իրավիճակներում և ռազմական դրության (պատերազմի) ժամանակ բնակչության և տնտեսության օբյեկտների (տարածքների) պաշտպանության, ինչպես նաև փրկարարական, վթարային փրկարարական, անհետաձգելի վթարավերականգնողական, հրդեհաշիջման և այլ աշխատանքներ:
⁉️Ի՞նչ կապ ունի այս ամենի հետ վարչապետին կամ որևէ այլ բարձրաստիճան պաշտոնյանին դիմավորելու համար ժամերով ավտոճանապարհներին հերթապահություն իրականացնելը։
Հատկապես հիմա, երբ Հանրապետության ողջ տարածքում մոլեգնում են հրդեհները, ՆԳՆ փրկարար ծառայության ողջ անձնակազմը պետք է ներգրավված լինի հենց դրանց տարածումը կանխելու աշխատանքներում։
❗️Հանրությանը «կրթել» փորձող այս խմբակը, իրականում, թքած ունի շրջակա միջավայրի և մեր անվտանգության վրա։ Ինքնահաստատման խնդիր ունեցող այս անձանց համար մեծ հաճույք է, երբ մայրուղու վրա բաց երկնքի տակ ժամերով կանգնած փրկարարներն իրենց պատվի են արժանացնում։
‼️Սա ոչ միայն հարցեր է առաջացնում աշխատանքային իրավունքների ոտնահարման և չարաշահման առումով, այլև արատավոր փորձ է ստվեր գցելու փրկարար ծառայողի մասնագիտական արժեքների վրա։