Foto

Բաքուն Մոսկվային է փոխանցել երկու ադրբեջանցիների խոշտանգումների և սպանության ապացույցները․ Ադրբեջանի գլխավոր դատախազ

Ադրբեջանը Ռուսաստանին է փոխանցել Եկատերինբուրգում ձերբակալության ժամանակ ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչների խոշտանգումների և սպանությունների ապացույցները։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Քամրան Ալիևը՝ նշելով, որ Ռուսաստանի Քննչական կոմիտեն առանձին քննություն է իրականացնում այդ փաստերի առթիվ։

Նրա խոսքով՝ Եկատերինբուրգում ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչների մահից հետո հարուցված քրեական գործի շրջանակներում երկրի իշխանությունները քննություններ են անցկացրել և հաստատել, որ նրանք մահացել են «խոշտանգումների, ծեծի և ծանր մարմնական վնասվածքների հետևանքով»։ Բաքուն հավաքված ապացույցները հանձնել է Մոսկվային։

«Ռուսական կողմը ինձ հայտնել է, որ Քննչական կոմիտեն առանձին քննություն է իրականացնում բռնության փաստերի շուրջ։ Հուսով ենք, որ այս հարցով հարուցված քրեական գործը արդյունքներ կտա», - ավելացրել է գլխավոր դատախազը։

Ռուսաստանը զոհվածներին ճանաչում է որպես իր քաղաքացիներ, սակայն Բաքուն չի ընդունում երկակի քաղաքացիությունը, ուստի նրանց համարում է Ադրբեջանի քաղաքացիներ և իրականացնում հետաքննություն, պարզաբանել է Ալիևը։