Foto

Անձը մեղադրվում է կաշառքի դիմաց վարորդական վկայական տրամադրելու գործընթացը կազմակերպելու պատրվակով գումար ստանալու մեջ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ Աբովյան քաղաքի բնակիչը, տեղեկանալով քաղաքացու կողմից վարորդական իրավունքի վկայական ստանալու ցանկության մասին, հանդիպել է վերջինիս հետ և իրականությանը չհամապատասխանող տեղեկություն ներկայացրել այն մասին, թե իբր հանդիսանում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Աբովյանի հաշվառման-քննական բաժանմունքի պետի տեղակալը: Միաժամանակ վստահեցրել է, որ 300․000 ՀՀ դրամ կաշառքի դիմաց, առանց տեսական և գործնական քննությունները սահմանված կարգով հանձնելու և դրական արդյունք արձանագրելու, կարող է կազմակերպել վարորդական իրավունքի վկայական ստանալու գործընթացը:

Համաձայն պայմանավորվածության՝ քաղաքացին 2024 թվականի մայիսի 21-ին կաշառքի առարկա գումարը միջնորդավորված եղանակով փոխանցել է հիշյալ անձի մատնանշած հաշվեհամարին: Վերջինս էլ հավաստիացրել է, թե իբր ձեռնամուխ կլինի գործընթացի իրագործմանը, սակայն քաղաքացուն վարորդական վկայական տրամադրելու ուղղությամբ որևէ միջոց չի ձեռնարկել, փոխարենը՝ կաշառք ստանալու պատրվակով դրամական միջոց է ստացել, որի համար նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 440-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Ծանուցում.  հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: