Ծաղկավաճառների բողոքի ակցիան Էջմիածին–Երևան ճանապարհին ավարտվեց։ Ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ պատրաստվում են իրենց դժգոհությունն իշխանություններին այլ կերպ հայտնել վաղը։ Ծաղկավաճառները սակայն, չպարզաբանեցին, թե ինչ է սպասվում վաղը, նշելով, որ չեն ցանկանում նախապես հանրայնացնել իրենց ծրագրերը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մի քանի օր է, ինչ Էջմիածին քաղաքի Զվարթնող գյուղի ծաղկեգործները բողոքի ակցիա են անում։ Նրանք բողոքում են, որ չեն կարողանում իրենց ծաղիկներն արտահանել Ռուսաստան։ Ռուսաստանի «Ռոսսելխոզնադզոր» դաշնային ծառայությունը հայտնել էր, որ մտադիր է 2025-ի հունիսի 16-ից ժամանակավոր արգելք սահմանել Հայաստանից Ռուսաստան ծաղիկների ներմուծման վրա։ Ծառայությունից հայտնել են, որ այս որոշումը պայմանավորված է Հայաստանից մատակարարվող ծաղիկների մեջ բարձր բուսասանիտարական ռիսկ ունեցող կարանտինային վնասատուների բազմակի հայտնաբերմամբ։
Այսօր տնտեսավարողներին ընդունել է ՍԱՏՄ ղեկավար Տիգրան Պետրոսյանը։ Նա նշել է, որ հայկական ծաղիկները Ռուսաստանում ընդունել է կեղծ ընկերություն եւ հարկերից խուսափել է։ Նրա խոսքով, հիմա դա բացահայտվել է եւ ռուսական կողմը խստացրել է պայմանները։ ՍԱՏՄ–ն ռուսական կողմի հետ եկել է համաձայնության, որ ՍԱՏՄ–ի երաշխավորությամբ կկատարվի ստուգում եւ եթե ծաղիկները վարակված չլինեն, նոր միայն կստանան սերտիֆիկատ։