Foto

Մինչև բնակության հարց չլուծվի, աջակցությունը պետք է լինի, երկու ամսով ավելացրին, նորից պետք է գանք այստեղ կանգնե՞նք, սա խեղկատակություն չէ՞. Գեղամ Ստեփանյան

Այս պահին արցախցիները բողոքի ակցիա և նստացույց են իրականացնում կառավարության մոտ: Հունիսից դադարեցված է բնակության վարձի աջակցության ծրագիրը: Ակցիա իրականացնող արցախցիներին կառավարության ներկայացուցիչն առաջարկեց կառավարությունում հանդիպեն փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ:

Լրագրողների հետ զրույցում Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հանդիպման առաջարկի մասին ասաց, որ այդ հանդիպումներն անարդյունավետ են, միևնույն է, չեն լուծվում մարդկանց, ընտանիքների վարձի հարցը: «Այդ հարցը միևնույնն է, չի լուծվում, իրենք մնում են իրենց կարծիքին, հիմա լավ, եթե նորից բարձրացանք նույն բանը ասեն, ի՞նչ օգուտ կլինի»,- ասաց նա:

«Արցախցիների իրավունքների պաշտպանության» խորհրդի անդամ Ապրես Մարգարյանն էլ նշեց, որ իրենք հանդիպմանը դեմ չեն, բայց ցանկալի է՝ համապատասխան անձն իջնի այնտեղ, ժողովրդի մոտ:

Գեղամ Ստեփանյանը հավելեց. «Մեր դիրքորոշումը հետևյալն է եղել՝ մինչև տվյալ անձի, ընտանիքի, մշտական բնակության հարցը չի կարգավորվել, պետք է ստանա սոցիալական այդ աջակցությունը։ Լավ, երկու ամսով ավելացրեցին, հիմա երկու ամսից նորից պետք է գանք այստեղ կանգնե՞նք, սա խեղկատակություն չէ՞: Մինչև վերջ ասվածն այն է՝ մինչև որ այդ անձը բավարար կենսապայմաններով ապահովված լինի, դրսում չմնա»։

Ստեփանյանը նշեց, որ իրենք  երբևէ որևէ քննարկումից, հանդիպումից չեն խուսափել, հակառակը՝ միշտ պատրաստակամ գնացել են. «Բայց ժողովուրդ, եթե խոսում ես ու խոսակիցդ քո ասածը չի հասկանում, էլ ի՞նչ խոսես։ Հերթական անարդյունավետ հանդիպումն է լինելու, չգիտեմ, եթե այլ կարծիքներ կլինեն, քննարկենք, կհասկանանք: Հիմա իջել են այս առաջարկն արել, պետք է հասկանանք՝ ինչ ենք անում»,- ասաց Ստեփանյանը:

Ապրես Մարգարյանն էլ առաջարկեց ակցիան ինչպես պլանավորել են, սկսեն, այդ ընթացքում արդեն իրենց դիրքորոշումն էլ կհստակեցվի: