Foto

Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը մոտ են համաձայնության հասնելուն. Նեթանյահու

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը և Իսրայելի իշխանությունները մոտենում են Գազայի հատվածում հրադադարի և անկլավում պահվող պատանդների ազատ արձակման վերաբերյալ համաձայնությունների հասնելուն: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն: 

«Կարծում եմ՝ մենք մոտենում ենք համաձայնագրի, կարծում եմ՝ կա լավ հնարավորություն այն իրականացնելու», - ասել է նա՝ պատասխանելով այս հարցի վերաբերյալ Fox Business-ին տված հարցազրույցում։

Հուլիսի 6-ին ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը՝ Եգիպտոսի, Կատարի և Միացյալ Նահանգների միջնորդությամբ, Դոհայում վերսկսեցին բանակցային գործընթացը, որի նպատակն է համաձայնության գալ Գազայի հատվածում հրադադարի և անկլավում պահվող իսրայելցի պատանդների ազատ արձակման վերաբերյալ։ Ինչպես երկուշաբթի օրը «Ալ Արաբիա» հեռուստաալիքին հայտնել են աղբյուրները, խորհրդակցություններն ընթանում են դրական մթնոլորտում, սակայն դեռևս որևէ առաջընթաց չկա։ Reuters-ի փոխանցմամբ՝ բանակցությունների հիմնական խնդրահարույց հարցը Իսրայելի կողմից Գազայի հատված մարդասիրական օգնության անարգել և անվտանգ մուտքն ապահովելուց հրաժարվելն է։