Foto

Ցանկացած տեղեկություն մանրակրկիտ կերպով ստուգվում է. Զախարովան՝ Ադրբեջանի կողմից Կիևին զենք վաճառելու մասին

Ուկրաինային զենք մատակարարելու վերաբերյալ ցանկացած տեղեկություն մանրակրկիտ ստուգվում է։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ադրբեջանից մատակարարումների մասին հաղորդումները։

Ավելի վաղ ռուսական տելեգրամյան ալիքներում «Ուկրսպեցէքսպորտ»-ի և Ադրբեջանի միջև կնքված պայմանագրերի վերաբերյալ ուկրաինական դատարանի որոշման փաստաթղթեր էին հայտնվել։ Պայմանագրերը կնքվել են հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո։

«Ես չեմ կարող հիմք ընդունել ինչ–որ տելեգրամյան ալիքների, որոնք ինչ–որ բան են նկարագրում Ուկրաինայում։ Ես ընդհանուր կասեմ՝ առանց որևէ երկրի անուն տալու։ Անկախ նրանից, թե պետական ​​​​մակարդակով որ երկրի, պետության կամ մասնավոր բիզնեսի մասին է խոսքը, Կիևի ահաբեկչական ռեժիմը քաջատեղյակ է այդ հարցում մեր դիրքորոշման մասին։ Դրան վերաբերող ցանկացած տեղեկություն, այդ թվում՝ այս հաղորդումները, մանրակրկիտ ստուգվում են», – ասաց Զախարովան։

Նրա խոսքով` եթե խոսքը ոչ բարեկամական ռեժիմների մասին է, ապա այդտեղ ամեն ինչ պարզ է։ Եթե ​​խոսքը այն երկրների մասին է, որոնց հետ Ռուսաստանը վստահելի երկխոսություն է վարում և որոնց հետ դաշնակցային հարաբերություններ ունի, բնականաբար` Մոսկվան բարձրացնում և քննարկում է հարցը։

«Տեղեկացնում ենք նրանց, ստանում ենք բացատրություններ, հերքումներ կամ աշխատում ենք այն ուղղությամբ, որ այդ վնասը (իսկ դա վնաս է ոչ միայն մեզ, այլ նաև տարածաշրջանային և միջազգային խաղաղությանն ու կայունությանը) նվազագույնի հասցվի», – նշել է Զախարովան։