Քաղաքացին ահազանգել է Երևանի քաղաքապետարան տեղեկացնելով, որ Երևան քաղաքի Ձորափի փողոցի թիվ 26 հասցեում՝ «Վեոլիա ջուր» ՓԲ ընկերության ջրատարի հարակից տարածքում, ծառը կոտրվել և ընկել է Հրազդան գետի մեջ՝ փակելով ջրի բնական հունը։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ծառը գտնվել է վտանգավոր և դժվարամատչելի վայրում՝ կոտրված ծառը ջրից դուրս բերելու համար անհրաժեշտություն է առաջացել ներգրավվել փրկարարական ուժեր։
Դեպքին օպերատիվորեն արձագանքել են ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության թիվ 1 և թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատների մարտական հաշվարկները։
Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի ծառայողների ղեկավարությամբ տեղում անմիջապես ծավալվել են աշխատանքներ․ հրշեջ-փրկարարները փրկարարական գործիքների կիրառմամբ մասնատել են կոտրված ծառը և անվտանգ կերպով դուրս բերել գետի հունից՝ վերականգնելով ջրի բնական հոսքը։