Ո՞վ է իրենցից վախենում, թող գան, այն շինծու մեղադրանքները, որոնք ներկայացվել են այս տարիների ընթացքում, մասնավորապես, վերջին ժամանակներում, դրանցով կարող են գալ ցանկացած մարդու հետեւից։ Այս մասին այսօր՝ հուլիսի 8–ին, ՔԿ–ի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Մենք դրանից ոչ թե տկարանում ենք, այլ ուժեղանում ենք։ Տեսնում եք մեր ընկերները թե անազատության մեջ, թե մեր ընկեր Արթուր Սարգսյանը, ինչ արժանապատիվ կեցվածք են դրսևորում։ Ի վերջո այս չարիքի իշխանությունը հեռացվելու է, իրենք շատ լավ գիտեն, որ իրենց վերջ մոտ է, քաղաքական ավարտի մասին է խոսքը և այս առումով բռնաճնշումները փորձում են սաստկացնել, դրանով փորձելով վախի մթնոլորտ տարածել։ Այդ վախի մթնոլորտը չի անցնում, մեզ հանդիպած ամեն երկրորդ մարդը ասում է, որ այս իշխանությունները պիտի օր առաջ հեռացվեն։
Այդ բռնաճնշումները հասնում է նրան, որ մեր գույքերն են վնասում, գալիս են մեր հարազատներին, մեր բարեկամներին, մեր ընտանիքի անդամներին, բայց որևէ մի բան մեզ հետ չի պահում։ Մենք ամուր այս պայքարը տանելու ենք մինչև վերջ, մեր խնդրանքն է, որ հավատքով լցվեն, կանգնեն մեր պայքարի կողքը, եթե մեզ չեն հավատում կամ մեզ չեն ընդունում, Աստված իրենց հետ, բայց այսօր վտանգված է Հայ առաքելական սուրբ եկեղեցին։ Իրենք շատ-շատ ականավոր մարդկանց այսօր անազատության մեջ են պահում՝ Բագրատ Սրբազանին, Միքայել Սրբազանին, այլ մեր ընկերների, հերոսների ծնողների, բարերար Սամվել Կարապետյանի։ Իրենք վախենում են հայի միասնությունից, միաբանությունից, մենք միաբանությամբ ու միասնությամբ կարող ենք հաղթահարել այս մարտահրավերները»,–ասաց նա։
Գառնիկ Դանիելյանը նկատեց, որ իշխանությունները կարող են իրենց նկատմամբ ուժ կիրառել, բռնաճնշումներ իրականացնել, բայց դա փուչիկի պես է. «Այդ փուչիկն էլ փչես-փչես մի օր պայթում է։ Մենք այս պայքարի մեջ ամուր ենք կանգնած, ավելի քան հավատքով ու հույսով։
Հարյուրավոր մեր ընկերները, որոնք պայքարում են, մեկ քայլ հետ չեն անելու, Արթուրի պայքարը, Սրբազանների պայքարը, շարունակելու են, Սամվել Կարապետյանի պայքարը շարունակելու են, որևէ մեկը հետ քայլ չի անելու։ Որովհետև մենք հավատացած ենք, որ օկուպացիոն ռեժիմը որևէ մի գործ, որևէ մի ջանք ու եռանդ չի խնայելու, բայց դա մեզ հետ չի պահելու։
Տասնյակ հարյուրավոր մարդկանց մարզերում ապօրինաբար տարել են ոստիկանական բաժանմունքներ և սպասել են, որ ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի ցույցը պրծնի, ինչքա՞ն կարան այդ մարդկանց տանեն, պահեն։
Մեր պայքարը խաղաղ մեթոդներով է, դա իր արդյունքը տալու է։ Եթե անգամ մենք թերացել ենք, ես ուզում եմ ներողություն խնդրել։ Ժողովուրդը մեղավոր չէ, մեղավոր ենք մենք, քաղաքական գործիչներս, որ ինչ-որ պահի ինչ-որ մի բան այն չենք արել»,–ասաց նա։