Ոչ մի օրենքով արգելված կամ այսպես ասած, ապացույց հանդիսացող բան չեն հայտնաբերել։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 8–ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀԷՑ–ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը՝ հավելելով, որ խուզարկությունը ավարտին մոտենում։
«Ոչ մի բան չի հայտնաբերվել, չէր էլ կարող հայտնաբերվել, որովհետեւ չկա այդպիսի բան։
Նարեկ Կարապետյանի աշխատասենյակում եւս խուզարկություն էր ընթանում։ Տնօրենների խորհրդի նախագահը, որպես այդպիսին, ամենօրյա կառավարում չի իրականացնում, այնպես որ աշխատասենյակը պետք է լիներ այդպես ոչ այդպես լուրջ կահավորված։ Ոչ մի բան չեն հայտնաբերել»,–ասաց նա։
Հարցին՝ իրավապահները ՀԷՑ–ից դատարկ ձեռքերո՞վ են դուրս գալու, նա պատասխանեց. «Այս պահին դատարկ ձեռքերով էին։ Իմ տեսածով ոչինչ չեն վերցրել։ Խուզարկություն իմ իմանալով եղել է միայն Նարեկ Կարապետյանի աշխատասենյակում։ Քննչական գործողություններն սկսվել են Նարեկ Կարապետյանի գալուց հետո»։
Դավիթ Ղազինյանը նշեց, որ ինքն առավոտից այստեղ է եւ չի կարող հստակ ասել, թե արդյոք ձերբակալվածների մեջ ՀԷՑ–ի աշխատակիցներ կան. «Ինչքան գիտեմ , ձերբակալված ՀԷՑ–ի աշխատակից չունենք»։
Նրա խոսքով, Նարեկ Կարապետյանը շատ բարձր տրամադրություն ուներ. «Եթե վախեցնելու խնդիր կա, իզուր ջանքեր են։ Ինքն իր խոսքը դեռեւս կասի»։
Ղազինյանը նշեց, որ հիմա երեւի թույլ կտան ՀԷՑ–ի աշխատակիցներին մտնել շենք ու աշխատանքը սկսել։
Նշենք, որ իրավապահները վաղ առավոտյան ժամը 08.00-ի սահմաններում մտել են ՀԷՑ–ի կենտրոնական գրասենյակ, որտեղ խուզարկություններ են իրականացնում: Ոստիկանության աշխատակիցները ՀԷՑ–ի աշխատակիցներին թույլ չեն տալիս մտնել գլխամաս։
Բացի այդ, իրավապահները վաղ առավոտյան ներխուժել են նաև ՀԷՑ -ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի տուն, որտեղ ևս այս պահին խուզարկություն են իրականացնում: Նշենք, որ Նարեկ Կարապետյանը Սամվել Կարապետյանի եղբոր որդին է։ Ավելի ուշ Նարեկ Կարապետյանին դիմակավորված անձինք ավտոմեքենայով բերել են ՀԷՑ կենտրոնական գրասենյակ։
Այս առնչությամբ ՔԿ–ից հայտնել էին. «ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում և Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակներում կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ»։