Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի վերաբերյալ քրեական վարույթով իրավապահ մարմինների իրավական փաստարկներն ոչ միայն անհիմն են, այլ նաև հակասական: Այս մասին հայտարարությամբ է հանդես եկել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի փաստաբանական թիմը։
«Այս հայտարարություններով փորձ է արվում հասարակության ոչ իրավաբան հատվածին մոլորեցնել, թե իբրև Միքայել Սրբազանի հարցազրույցները հանցագործություն են և իրենք ունեն բավարար ապացույցներ։
Այն բանից հետո, երբ պարզվել է, որ Միքայել Սրբազանի՝ դեռևս 2023 թվականի փետրվարի 3-ին տված նույնաբովանդակ հարցազրույցը ԱԱԾ քննչական վարչության կողմից ուսումնասիրվել էր և հաստատվել, որ դրանում որևէ հանցագործության դեպք չկա, իսկ Միքայել Սրբազանն էլ որևէ հանցավոր գործողություն չի կատարել, որպիսի հանգամանքը հաստատվել էր նաև դատախազության կողմից, դատախազությունը հրապարակային պարզաբանում է տարածել, թե իբրև նոր լույսի ներքո են ուսումնասիրել Միքայել Սրբազանի արդեն 2024 թվականին տրված նույնաբովանդակ հարցազրույցը և դրանում արդեն իշխանությունը զավթելու կոչեր են տեսել, քանզի Միքայել Սրբազանը նույնաբովանդակ հարցազրույցը կրկնել է նաև 2025 թվականի հունիսի 21-ին։
Դրանից հետո Քննչական կոմիտեի նախագահը Հ1-ի եթերում խոսել է այն մասին, թե իբրև այս քրեական վարույթի հանգամանքները մանիպուլացվում են ինչ-որ անձանց կողմից և փորձել է իր հակափաստարկները ներկայացնել, որոնք, ցավոք, նույնպես ոչ միայն իրավական չէին, այլև՝ հակասում են քրեական վարույթի իրական հանգամանքներին։
Այժմ հերթով կներկայացնենք դատախազության և քննչական կոմիտեի մանիպուլյացիաները, որոնցով փորձում են մոլորեցնել հասարակության ոչ իրավաբան հատվածին և հասարակության մոտ թյուր կարծիք ստեղծել սույն քրեական վարույթի վերաբերյալ։
Ծավալի մեծությունից ելնելով իրավապահ մարմինների մանիպուլյացիաները կներկայացվեն առանձին-առանձին»,-նշված է հայտարարության մեջ: