Foto

Ի պատասխան քաղաքակիրթ բանավեճի «մարտակոչի»

Ի պատասխան քաղաքակիրթ բանավեճի «մարտակոչի»
Վարչապետը երկրի ղեկավարն է, ոչ թե միայն իր կողմնակիցների։
Նիկոլ Փաշինյանը կրկին խոսում է «հայհոյանքի իրավունքից»՝ այն ներկայացնելով որպես անխուսափելի պատասխան բռնության, վիրավորանքի կամ ընդդիմադիր խոսքի։ Սակայն նա մոռանում է ամենակարևորը․
Վարչապետը պարզապես անձ չէ։ Նա պետության դեմքն է, պետության ինստիտուտների երաշխավորը, եւ իր գործառույթով ամբողջ հասարակության ներկայացուցիչն է՝ նույնիսկ իր ընդդիմախոսների։
Երբ ընդդիմադիր գործիչը կոշտ բառեր է օգտագործում, նա խոսում է սեփական անունից, չունի պետական լծակ, չունի Զինված ուժեր, իրեն առընթեր ոստիկանություն, ԱԱԾ եւ չի տնօրինում պետական բյուջեն։
Իսկ վարչապետը պետք է լինի հավասարակշռության եւ հանդուրժողականության երաշխավոր, այլ ոչ թե անձնական վիրավորանքները փոխադարձող բլոգեր։
Եթե երկրի ղեկավարը սկսում է խոսել ընդդիմադիր բլոգերի մակարդակով կամ դրանից առավել ցածր նշաձողով, ապա ի՞նչ պետական բարձր կեցվածք կարող է պահանջել մյուսներից։
Իսկ եթե վարչապետը սպառնում է ընդդիմադիր խոսքին՝ «քսանին մեկ» պատասխան տալով, ապա ինքը՝ այդ սպառնալիքով, փաստացի, հրաժարվում է պետության առաջնորդ լինելու իր ֆունկցիայից եւ իջնում է «փողոցի լեզվակռվի» մակարդակի։
Իսկ երբ այս ամենին գումարվում է եկեղեցու դեմ ուղղված հեգնական, անպարկեշտ եւ նվաստացնող խոսքը, իրավիճակն արդեն անցնում է բոլոր սահմանները։
Երբ պետության ղեկավարն իրեն իրավունք է վերապահում իր հետ, ըստ էության, լեզվական բանավեճ չվարող կաթողիկոսին վիրավորել «առնանդամի ցուցադրության» մակարդակով և դառնալ միջազգային մամուլի հերոսը` բառի բացասական իմաստով, սա այլևս ոչ թե քաղաքական բանավեճ է, այլ գռեհկաբանություն՝ բարձրագույն մակարդակով։
Սա այն գիծն է, որը երբ իշխանությունը անցնում է, ապա այլևս չի կարող սպասել հարգանք ոչ ընդդիմությունից, ոչ քաղաքացիներից, ոչ էլ միջազգային հանրությունից։
Մի պարզ բանաձև կա` դու չես կարող միայն քո կողմնակիցների ղեկավարը լինել։ Դու կամ բոլորի վարչապետն ես՝ ներառյալ քննադատներինը, կամ ոչ ոքի։
Քաղաքակիրթ բանավեճը սկսվում է վերևից։ Եթե վերևը ամբողջովին կտրված չէ հանրությունից...
Ղոչաղ կացեք...
Վարուժան Բաբաջանյանի ֆեյսբուքյան էջից