Պաշտոնական Իրանը համաձայն չէ «Ստամբուլի հռչակագրում» Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների հետ․ այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին:
«Այդ փաստաթղթի որոշ կետեր չեն ենթադրում առանձին անդամների համաձայնություն»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ Բաքվի հրահրմամբ հռչակագրում հիշատակվում էր այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքը» և կոչ էր պարունակում Հայաստանին «չխոչընդոտել արևմտյան ադրբեջանցիների վերադարձին»։ «Արևմտյան Ադրբեջան» արտահայտությամբ Բաքուն նկատի ունի Հայաստանի տարածքը։
Իրանական կողմը, որը բազմիցս բանավոր աջակցել է Հայաստանի տարածքային ամբողջականությանը, քվեարկել է փաստաթղթի ընդունման օգտին։ Թեհրանի դիրքորոշումը բացատրելով՝ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարել էր, որ Իսլամական համագործակցության անդամ պետությունները կարող են կոլեկտիվ փաստաթղթերում բարձրացնել հարցեր, որոնք չեն արտացոլում յուրաքանչյուր անդամ պետության դիրքորոշումը։