Foto

Ճամբարակի պայթյունի հետևանքների վերացման աշխատանքները շարունակվում են. ՏԿԵՆ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի համապատասխան հրամանով ստեղծված օպերատիվ աշխատանքային խումբը ուշադրության կենտրոնում է պահում Ճամբարակում պայթյունից հետո առաջացած վնասների վերացման գործընթացը։

2025 թվականի հունիսի 11-ին մարզի Ճամբարակ քաղաքի Տիգրան Մեծ փողոցի 4-րդ շենքում տեղի ունեցած պայթյունի հետևանքների վերացման աշխատանքները շարունակվում են։

Դեպքից անմիջապես հետո ստեղծվել է օպերատիվ աշխատանքային խումբ, որի կազմում ընդգրկված են Գեղարքունիքի մարզպետարանի, Ճամբարակի համայնքապետարանի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Առողջապահության նախարարության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՄՍԾ-ի, ՆԳՆ փրկարար ծառայության և Քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցիչներ։

Միջոցառումների ընթացքն ու արդյունքները քննարկվել են ՀՀ ՏԿԵ նախարարությունում, որտեղ մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրել է աշխատանքային խմբի խորհրդակցություն։

Քննարկման ընթացքում ներկայացվել են մինչ օրս իրականացված գործողությունները և առկա խնդիրները։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել պայթյունից տուժած բնակիչների սոցիալական աջակցությանը և նրանց բնակապահովման հարցերի լուծմանը։ Քննարկվել են նաև առաջիկա քայլերը՝ ներառյալ տուժածների ժամանակավոր և մշտական կացության ապահովման տարբերակները։

Մարզային իշխանությունները և ոլորտային գերատեսչությունները շարունակում են համակարգված աշխատանք իրականացնել՝ ապահովելու տուժածների կարիքներն ու բարեկեցությունը։