Foto

Երևանում ներկայացվել է կենսաբազմազանության պահպանության համաշխարհային առաջընթացի վերաբերյալ զեկույցը

Այսօր Երևանում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի, ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի գործադիր տնօրեն Ինգեր Անդերսենի, Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շոմեյքերի և Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանի համատեղ մամուլի ասուլիսն է կայացել։

Ասուլիսի ընթացքում ներկայացվել է կենսաբազմազանության պահպանության ուղղությամբ համաշխարհային առաջընթացի վերաբերյալ գլոբալ զեկույցը, որն ամփոփում է մինչ այժմ արձանագրված առաջընթացը և ցույց տալիս, թե որտեղ պետք է առավել արագ ու վճռական գործել։

Հայաստանյան և միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրուցել են օրեր անց Երևանում մեկնարկող COP17-ի, կենսաբազմազանության պահպանության համաշխարհային մարտահրավերների և դրանց հաղթահարման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին։

COP17-ից Հայաստանի ակնկալիքը հստակ է՝ Երևանում ոչ միայն գնահատել անցած ճանապարհը, այլև միասին որոշել, թե ինչպես առաջ շարժվել՝ ստանձնած հանձնառությունները վերածելով իրական գործողությունների։

Նախարար Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել հայաստանյան և միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչներին հետաքրքրվածության, հարցերի և ակտիվ մասնակցության համար։