Աշխարհի ամենահարուստ հայի՝ Սամվել Կարապետյանի կալանավորումը, որը դասական քաղաքական հետապնդում է, բացահայտեց ևս մի իրողություն, որի մասին բոլորը գիտեին, բայց «խոհեմաբար» լռում էին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանը:
«Կապիտալին, առավել ևս՝ խոշոր կապիտալին վերջին 7 տարիների ընթացքում թվում էր, որ կարելի է Նիկոլի հետ «լեզու գտնել», քանզի խոշոր հարկատու են, բյուջեն լցնելու միջոց են, որոշակի դեպքերում էլ կարելի ինչ-որ բան շպրտել դեմներն ու հանգիստ սպասել, թե երբ է անցնելու նիկոլական հեղափոխական փոթորիկը:
Կապիտալի վարքագիծը վերջին 7 տարիներին եղել է «խոհեմաբար» լռելը, քաղաքականությամբ չզբաղվելը, քաղաքական գործընթացներից հնարավորինս հեռու մնալն ու Նիկոլին հնարավորինս չհակառակվելը՝ հույս ունենալով, որ փոթորիկն իրենց «տներին չի մոտենալու»:
Իսկ ահա Սամվել Կարապետյանի «քեյսը» հօդս ցնդեցրեց նաև այդ միֆը. Նիկոլը բոլորի հետևից գնալու է: Բոլոր նրանց, ումից իր իշխանությունը սասանելու վտանգ է զգում: Ակնհա՞յտ չէ, որ Նիկոլին հետաքրքիր չէ ոչ երկրի համբավը, ոչ ներդրումային միջավայրի ռեյտինգները, ոչ էլ բյուջետային մուտքերի վիճակը: Նիկոլին հետաքրքիր է միայն իշխանությունը պահելը, ցանկացած գնով պահելը:
Այս համատեքստում է, որ Սամվել Կարապետյանը բանտում է, և Սամվել Կարապետյանը բանտում է ոչ թե նրա համար, որ Նիկոլի դեմ քայլ է արել, այլ որ կարող է քայլ անել ու դառնել օրինակ՝ հայկական Իվանիշվիլին: Մոտավորապես այնպես, ինչպես 1937-ին շատերին գնդակահարել են ոչ թե հակասովետական քայլերի համար, այլ նրա համար, որ տեսականորեն ընդունակ են եղել այդպիսի քայլերի:
Սա նշանակում է, որ կապիտալի կրողներին Հայաստանում «բոմժացման» վտանգ է սպառնում, որովհետև եթե Սամվել Կարապետյանի կապիտալը Հայաստանում չէ և նրան ունեզրկում չի սպառնում, ապա հայաստանյան կապիտալն այստեղ է՝ Նիկոլի ուղիղ նշանառության ներքո: Բոլոր այն կապիտալի կրողները, որոնք իրենց շուրջ 10 հոգուց ավել մարդ կարող են համախմբել, Նիկոլի թշնամիներն են, որոնց հետևից Նիկոլը գնալու է:
Ու գնալու է ոչ թե նրա համար, որ իր դեմ ինչ-որ բան են անում, այլ որ կարող են անել: Սա է բանաձևը, որից հայաստանյան կապիտալը փախուստի ձև չունի: «Խոհեմաբար» լռելը, «ջի հատակն իջնելը», Հակոբյան Աննայի հիմնադրամներին մուծվելը, ՔՊ-ականներին տներ նվիրելն այլևս չի փրկելու: Այդ ժամանակներն իսկապես անցել են:
Կամ հայաստանյան կապիտալը կազմակերպված ու միահամուռ միանալու է Նիկոլին օր առաջ տուն ճանապարհելու ալիքին, կամ էլ դատապարտված է փոշիացման: Երրորդ ճանապարհ չկա»,- գրել է նա: