Foto

Հենրիխ Մխիթարյանը նշել է, թե որտեղ է ավարտելու կարիերան

«Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտարարել է, որ կավարտի ֆուտբոլային կարիերան միլանյան ակումբի հետ պայմանագրի ավարտից հետո։ La Repubblica-ին տված հարցազրույցում նա խոստովանել է, որ թիմը դեռ ցավ է ապրում Չեմպիոնների լիգայի եզրափակչում պարտության պատճառով։

«Անցյալ մրցաշրջանի կեսին ասել էի, որ «Ինտերն» անգերազանցելի է, բայց մենք չկարողացանք դա ապացուցել մինչև վերջ։ Ես միշտ ասում եմ այն, ինչ մտածում եմ՝ առանց որևէ մեկին հաճոյանալու։ Լինի դա խաղացող, երկրպագու, թե այլ անձ։ Երբ ուրիշներն են խոսում, ես լսում եմ։ Իսկ երբ ես եմ խոսում, ինչը հաճախ չի լինում, դա միայն թիմի օգտին է։ Կարևոր է լինել բաց և անկեղծ, քանի որ միայն այդպես կարող ենք օգնել միմյանց։

Ես չեմ պնդել, թե միշտ անգերազանցելի ենք, բայց որոշ խաղերում մենք այդպիսին էինք՝ խաղադաշտում ցուցաբերած վերաբերմունքի շնորհիվ։ Կրկին կասեի դա։ Եթե ինչ-որ մեկը ծաղրում է ինձ դրա համար, դա ինձ չի անհանգստացնում։


Որոշե՞լ եմ, թե երբ կավարտեմ կարիերաս։ Ասել եմ, որ սա իմ ամենահյուծիչ մրցաշրջանն էր՝ երեք մրցաշարերով։ Չգիտեմ, թե որքան ժամանակ կշարունակեմ խաղալ։ Ոչինչ չեմ բացառում, բայց դեռ ցանկանում եմ խաղադաշտում լինել։ Ունեմ մեկ տարվա պայմանագիր։ Եթե չհեռացնեն, կմնամ։

Չեմ ցանկանում ավարտել կարիերաս և հետո զղջալ, որ շուտ եմ ավարտել։ «Ինտերից» հետո՝ վերջ։ Չեմ ցանկանում իջեցնել մակարդակը։ Հայաստան չեմ վերադառնա։ Սաուդյան Արաբիայի նման ուղղությունները նույնպես ինձ չեն հետաքրքրում։ Ամենայն հարգանքով, բայց ես սիրում եմ ֆուտբոլը ֆուտբոլի, այլ ոչ թե փողի համար։ Ամեն առավոտ արթնանում եմ՝ ցանկանալով մարզվել և ցույց տալ, թե ինչի եմ ընդունակ։

Իսկ ֆուտբոլից հետո՞։ Այսօր ասում եմ՝ կցանկանայի հեռանալ ֆուտբոլային աշխարհից։ Բայց երբեք մի ասա՝ երբեք։ Ժամանակ կպահանջվի մտածելու, հանգստանալու և ընտանիքիս հետ լինելու համար»,- ասել է Մխիթարյանը։

Թեև Մխիթարյանը «Ինտերին» միացել է կարիերայի ուշ շրջանում, նա փայլել է «Սան Սիրո» մարզադաշտում։ Վերջին տարիներին նա դարձել է «Ներաձուրիների» հանդերձարանի ամենաազդեցիկ դեմքերից մեկը։

36-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվում է հաջորդ ամռանը, և նրա՝ «Ինտերում» անցկացրած ճանապարհը մոտենում է ավարտին։ 2023/24 մրցաշրջանում նա հաղթել է Սերիա Ա-ն, սակայն չի կարողացել եվրոպական գավաթ նվաճել «Ինտերի» հետ։ Վերջին երեք տարում նա պարտվել է Չեմպիոնների լիգայի երկու եզրափակիչներում։ Վերջինը տեղի է ունեցել անցյալ ամիս, երբ «Ինտերը» 0։5 հաշվով ջախջախիչ պարտություն է կրել ՊՍԺ-ից։

Աղբյուրը`ArmSport.am