Foto

Ցանկացած որոշում կարող է բացասաբար անդրադառնալ Թրամփի վրա, հատկապես եթե պատերազմը ձգձգվի և միլիարդավոր դոլարներ արժենա․ Սուրեն Սարգսյան

Իրանին հարվածելու հարցում Թրամփը շարունակում է իր «ռազմավարական սպասումը»: Այս մասին ֆեյսբուքի էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը․


«Նա ևս երկու շաբաթով փորձել է հետաձգել իր նախագահության ամենաբարդ որոշման կայացումը՝ շարունակելով առաջնահերթություն տալ դիվանագիտությանը։ Այդ ընթացքում, հավատարիմ մնալով իր բանակցային մարտավարությանը, Թրամփը շարունակելու է մաքսիմալ ճնշում գործադրել Իրանի վրա։ Դա կարտահայտվի հարձակման պլանի հաստատմամբ, «համբերության բաժակը լցված է» ձևակերպումներով, ամերիկյան ռազմանավերի և ռազմական օդանավերի տեղափոխմամբ Մերձավոր Արևելք, տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ուժերի անվտանգության մակարդակի բարձրացմամբ, ինչպես նաև Ազգային անվտանգության խորհրդի նիստերի հրավիրելով: Նա նույնիսկ անտեսում է ԱՄՆ հետախուզության ղեկավարի հայտարարությունը, ըստ որի՝ «Իրանն այժմ չի պատրաստվում ունենալ միջուկային զենք»։

Թրամփի թիմում և հանրության շրջանում տրամադրությունները տարբեր են՝ կոշտ գործողությունների կողմնակիցներից մինչև նուրբ դիվանագիտության ջատագովներ։

Ցանկացած որոշում կարող է բացասաբար անդրադառնալ Թրամփի վրա, հատկապես եթե պատերազմը ձգձգվի և միլիարդավոր դոլարներ արժենա»: