Իսրայելի օդային հարվածները Իրանի տարածքում ուղղված են ոչ միայն միջուկային և հրթիռային կարողությունները ոչնչացնելուն, այլ նաև Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի ռեժիմի հիմքերը խարխլելուն։ Ըստ Իսրայելի և արևմտյան աղբյուրների, Բենյամին Նեթանյահուի կառավարությունը նպատակ ունի ստիպել Թեհրանին էական զիջումների՝ միջուկային հարստացման և ռեգիոնալ ռազմական գործունեության դադարեցման հարցում։
Վերջին օրերին Իսրայելը հարվածել է նաև Իրանի պետական հիմնարկներին, այդ թվում՝ ոստիկանության և պետական հեռուստատեսության շենքերին։ Մինչդեռ տարածաշրջանային փորձագետները զգուշացնում են, որ ռեժիմի անկումը կարող է հանգեցնել ներքին քաոսի և քաղաքացիական պատերազմի՝ հաշվի առնելով Իրանի էթնիկ բազմազանությունը, հայտնում է Reuters-ը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է պահել անորոշություն՝ սպառնալով Իրանի դեմ ռազմական գործողություններով, սակայն թույլ տալով Իսրայելին ժամանակ շահել՝ իր ռազմարշավը շարունակելու համար։ Մինչդեռ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ինչպես նաև Մերձավոր Արևելքի որոշ երկրներ զգուշացնում են՝ հարկադրական ռեժիմափոխությունը կարող է ամբողջ տարածաշրջանը մղել անկայունության։