Իրանն ունի ապացույցներ, որ ԱՄՆ-ի՝ Մերձավոր Արևելքում տեղակայված ուժերն աջակցել են Իսրայելին Իսլամական Հանրապետության տարածքում հարվածներ հասցնելու հարցում, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Թեհրանում օտարերկրյա դիվանագետների հետ հանդիպման ժամանակ։
«Իսրայելի կողմից Իրանի դեմ ագրեսիան չէր կարող իրականացվել առանց Միացյալ Նահանգների համաձայնության և աջակցության։ Մենք ունենք համոզիչ ապացույցներ, որ տարածաշրջանում գտնվող ամերիկյան ուժերն օգնություն են ցուցաբերել Իսրայելին այդ հարձակումները իրականացնելու գործում», - նրա խոսքերն է մեջբերել «Թասնիմ» լրատվական գործակալությունը։
Մինչդեռ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները որևէ կապ չի ունեցել հունիսի 15-ի գիշերը Իրանին հասցված հարվածների հետ, բայց կպատասխանի Թեհրանին Միացյալ Նահանգների վրա հարձակման դեպքում։
«Եթե Իրանն ինչ-որ կերպ մեզ վրա հարձակվի, ԱՄՆ զինված ուժերի ամբողջ ուժն ու հզորությունը վրա կհասնեն ձեզ աննախադեպ մակարդակներով։ Այնուամենայնիվ, մենք կարող ենք հեշտությամբ գործարք կնքել Իրանի և Իսրայելի միջև և վերջ դնել այս արյունալի հակամարտությանը», - ասել է Թրամփը Truth Social-ում։
Նա կարծում է, որ ԱՄՆ-ն կկարողանա «հեշտությամբ» համաձայնության հասնել Իրանի և Իսրայելի միջև։ Սակայն Դոնալդ Թրամփը չի նշել հակամարտության ավարտի հնարավոր ժամկետները։
Իսրայելն այսօր գիշեր Իրանի վրա զանգվածային հարձակում սկսեց՝ վնասելով երկու նավթի պահեստարաններ։ Վառելիքի բաքերի վրա հարձակումը հրդեհեց Թեհրանը։ Իրանը պատասխանեց՝ Իսրայելի ուղղությամբ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի երեք ալիք արձակելով։
Հրթիռակոծության հետևանքով զոհվել է ութ մարդ, վիրավորվել՝ ավելի քան 200-ը։ Փոխադարձ հարձակումները շարունակվել են:
Աղբյուրը՝ tert.am