2021 թվականի փետրվարին հայկական գրանցմամբ եւ համարանիշով «Բոինգ-737» ինքնաթիռն առեւանգած տաջիկ օդաչուները` Tajik Air-ից հրամանատար Ազիզբեկ Գոզիեւն ու երկրորդ օդաչու Սարվար Նուրովը, ազատության մեջ են եւ, դատելով ֆեյսբուքյան էջերում տեղադրված ուրախ լուսանկարներից ու անեկդոտներից, ոչ միայն վայելում են կյանքը, այլեւ նոր թռիչքներ են իրականացնում տարբեր ուղղություններով: Մինչդեռ նրանք, եթե հավատանք ՀՀ ԱԱԾ-ին, առանձնապես ծանր հանցագործություն էին կատարել 21-ին ինքնաթիռ էին առեւանգել, որի համար Տաջիկստանի քրեական օրենսգիրքը 10-20 տարվա ազատազրկում է նախատեսում:
Հիշեցնենք․ հայկական գրանցմամբ «Բոինգ-737» ինքնաթիռը, որը վարձակալում էր «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ընկերությունը, անհետացել էր Էստոնիայից: Տալլինից այն պետք է տեխզննման թռչեր, իսկ այնտեղից տեղափոխվեր Երեւան, սակայն անհասկանալի պատճառներով հայտնվել էր Թեհրանում: Այն ժամանակ հաղորդվեց, որ օտարերկրյա օդաչուները, որոնք առեւանգել էին ինքնաթիռը, թողել են այն Թեհրանում ու փախել: Քաղավիացիայի կոմիտեն բացատրություն տարածեց, որից հետեւում էր, թե տաջիկ օդաչուներն են առեւանգողները:
ԱԱԾ-ն քրեական գործ հարուցեց, քննեց, պարզեց, որ Տալլինից օդանավը դեպի Վառնա, ապա Թեհրան են տեղափոխել տաջիկ օդաչուները՝ Տաջիկստանի ազգային փոխադրող Tajik Air-ից հրամանատար Ազիզբեկ Գոզիեւն ու երկրորդ օդաչու Սարվար Նուրովը: Սակայն թե ինչ եղավ նրանց հետ հետո, մնաց անհայտ: ԱԱԾ-ն այս գործը քննում էր խիստ գաղտնիության պայմաններում:
Հետաքրքիր է, որ դեպքից օրեր անց վարչապետի նախկին խորհրդական, ավիատոր Հակոբ Ճաղարյանը, որն առաջինն էր իր ֆեյսբուքյան էջի միջոցով բարձրաձայնել անհետացած ինքնաթիռի մասին, հայտարարեց, որ չի հավատում, թե այն օդաչուներն են առեւանգել, քանի որ օդաչուն` առանց ավիաընկերության կողմից նախօրոք տրված պլանի, թռիչքուղի չի ընտրում, իսկ նախնական պլանը տրվում է տարանցիկ երկրների օդային տարածքի օգտագործման, եւ վայրէջքի օդանավակայանի թույլտվությունները հարցվում են 2-3 օր առաջ (ըստ երկրների պահանջի): Փաստորեն, նա ճիշտ էր, եւ օդաչուները մեղավոր չեն եղել:
«Օդաչուներն օդանավ չեն առեւանգել: Եկեք հասկանանք օդանավը նախապես տրված պլանից դուրս վարելու եւ պլանավորված թռիչք կատարելու տարբերությունը: Այդ օդաչուներին իրենց վարձակալած ընկերությունն այդպիսի հանձնարարություն է տվել: Նրանք էլ կատարել են իրենց վճարովի աշխատանքը: Նրանք առեւանգող կլինեին, եթե ինքնակամ կատարեին Տալլին-Վառնա-Թեհրան թռիչքը: Բայց իրենք ուղղակի կատարել են իրենց պայմանագրային պարտականությունները»,- ասաց Հակոբ Ճաղարյանը՝ պատասխանելով մեր հարցին, թե ինչպես է գնահատում այն, որ օդանավ «առեւանգողներն» ազատ ապրում են:
Այդ դեպքում ո՞վ եւ ինչո՞ւ է կազմակերպել «Բոինգի առեւանգում» օպերացիան, որի արդյունքում Հայաստանը հայտնվեց ավիացիոն սեւ ցուցակում:
««Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ընկերությունը ստեղծել է Շիմոն Լահաբը` ազգությամբ հրեա Սայմոն Շպիցը: Երբ որ ես կառավարությունում էի աշխատում, նա մի հայ գործընկերոջ հետ եկավ ինձ հանդիպելու՝ իմ աջակցությունը ստանալու նպատակով, բայց ես վերեւ իրենց չհրավիրեցի, ներքեւոմ հանդիպումների սենյակում զրուցեցի իրենց հետ: Ես իրենց ասացի, որ ինձ հետ հանդիպելու կարիք չկա, իրենք պետք է փաստաթղթերով դիմեն Քաղավիացիայի կոմիտե եւ ստանան օդանավ շահագործողի իրավունքը: Սայմոն Շպիցի մասին ես վաղուց գիտեի եւ ես իրեն «ցրեցի»: Հետո ես Փաշինյանին զեկուցագիր գրեցի, որ այս մարդը հայտնի է իր մեծ աֆյորաներով, որ նա աշխարհի 7 երկրում հետախուզման մեջ է գտնվում` ԱՄՆ, Ավստրալիա, Նոր Զելանդիա, Ինդոնեզիա: Նա 4 անգամ անուն է փոխել, երեք երկրների քաղաքացիություն է ստացել, չի եկել օդանավ շահագործելու, եկել է Հայաստանի միջոցով օդանավ գողանալու, ամենայն հավանականությամբ` սանկցիայի տակ գտնվող որեւէ երկիր, հավանաբար, մոտ երկրներից, ես հատուկ չեմ նշել Իրանի անունը»,- պատմում է Հակոբ Ճաղարյանը եւ նշում, որ Նիկոլ Փաշինյանից թույլտվություն է խնդրել` Շիմոն Լահաբի հարցով դիմելու ԱԱԾ-ին: Փաշինյանն ինքն է նամակով դիմել, եւ ԱԱԾ-ն հաստատել է իր հայտնած բոլոր տվյալները, բացի այն, որ Լահաբը «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության հետ կապ ունի` այս տվյալը հաստատել կամ հերքել չի հաջողվել:
Հակոբ Ճաղարյանի պաշտոնավարման ընթացքում Շիմոն Լահաբը, նույն ինքը՝ Սայմոն Շպիցը, չի կարողանում օդանավ շահագործողի իրավունք ստանալ, բայց հետագայում, երբ Ճաղարյանն այլեւս պաշտոնի չէր, նա կարողանում է դա անել ՔԱԿ նախկին ղեկավար Տաթեւիկ Ռեւազյանի օգնությամբ: «Ի վերջո, այդ մարդն իր անելիքն արեց»,- ասում է Հակոբ Ճաղարյանը: Դեպքից մոտ մեկ տարի առաջ նա եւս երկու օդանավի առեւանգում է կանխել՝ դեպի Իրան: «Ես Իրանի հանդեպ ոչինչ չունեմ, իմ ունեցած ամենը Հայաստանի կողմ է, ոչ թե Իրանի կամ որեւէ մեկի դեմ: Մեկ այլ իրանական ընկերություն՝ «Մահան Էյր»-ը, երկու աէրոբուս-310 էր գնել ու Ռումինիայից բերել էր Հայաստան: Էլի ծրագրեր էին ներկայացրել, բայց այդ օդանավերը տանում են Թեհրան` տեխնիկական աշխատանքներ կատարելու, բանից պարզվում է` Ռումինիայում չեն գտել թերությունները, իսկ Թեհրանում այնպիսի թերություններ են գտնում, որ երկու օդանավերից մեկին են թույլ տալիս թռիչքներ կատարել, էն մյուսը ոնց տարել են Թեհրան, առայսօր Թեհրանում է: Երկրորդ օդանավն իբրեւ թե գրանցել էին Կիրգիզիայում, որը կեղծ էր, եւ այդ օդանավի համար դեպի Օման թռիչքի թույլտվություն էին խնդրում Հայաստանի ավիացիոն իշխանություններից` Երեւանից Օման, որը կատարվելու էր Իրանի վրայով, եւ ես նորից կանխեցի այդ օդանավի առեւանգումը: Դա հաստատ առեւանգվելու էր, վթարային վայրէջք էր լինելու Թեհրանում, Երեւանից Օման` Իրանի վրայով թռչելու համար պետք չէր թույլտվություն, բայց գրանցումը կեղծ էր, եւ ես դա բացահայտեցի»,- պատմում է Հակոբ Ճաղարյանը:
Այն ժամանակ նա վարչապետի խորհրդականն էր եւ կեղծ գրանցման հիմքով արգելել էր օդանավի թռիչքը: Այս տեղեկությունը հանձնվել է Քաղավիացիայի կոմիտեին, ու թեեւ դեպքը քրեական պատասխանատվություն էր ենթադրում, որեւէ ընթացք սրան չի տրվել, պարզապես օդանավը հանվել է գրանցումից: