Իրանի մայրաքաղաքի վրա Իսրայելի կողմից իրականացված հարձակման հետևանքով Թեհրանի առնվազն 78 բնակիչ զոհվել է, 329-ը՝ վիրավորվել։Այս մասին հայտնել է NourNews գործակալությունը։
Ըստ տեղեկությունների՝ սա ոչ պաշտոնական տեղեկատվություն է։
Հունիսի 13-ի գիշերը Իսրայելի Պաշտպանության բանակը հայտարարել է «Առյուծների ազգ» գործողության մեկնարկի մասին, որի նպատակն է վնաս հասցնել Իրանի միջուկային և հրթիռային ծրագրերին։ Դրանից հետո Իսլամական Հանրապետության մի շարք բնակավայրերում տեղակայված օբյեկտներ ենթարկվել են հարվածների։
The New York Times թերթի տվյալներով՝ իսրայելական ուժերը հարձակվել են Թեհրանի շրջակայքում գտնվող վեց ռազմաբազաների վրա։ Մինչդեռ Իրանի պետական IRNA գործակալությունը հայտնել է, որ Նաթանզ քաղաքում՝ ատոմային օբյեկտի տարածքում, տեղի է ունեցել պայթյուն։
Դեպքերի կապակցությամբ Իրանի Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հանդես է եկել ուղերձով՝ դիմելով քաղաքացիներին։ Նա հայտարարել է, որ բանակին տվել է «գործելու ազատություն»՝ Իսրայելի հարվածներին պատասխանելու հարցում։
Աղբյուրը՝ Tert.am