Երեկ՝ հունիսի 11-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած «Նեմրա» ռոք խմբի մեծ մենահամերգին ելույթ ունեցավ նաև դերասանուհի, ռեժիսոր Լիլի Էլբակյանը: Նա խմբի հետ կատարեց եղբոր՝ Էդգար Էլբակյանի հեղինակած «Բացվիր երկինք» երգը, որն արդեն հասցրել է սիրվել «Երկու աստղ» նախագծի շրջանակներում:
«Մեծ պատասխանատվություն էր Համալիրում ելույթ ունենալը, որովհետև մի բան է, երբ երգում ես «Երկու աստղ»-ում, երբ բոլորը գիտեն, որ դու երգիչ չես ու այն մրցույթ է խաղի ձևաչափով:
Այստեղ արդեն լուրջ համերգ էր ու շատ հուզված էի, բայց ինձ թվում է լավ երգեցինք: Հուզված էի, որ Էդգարի երգն եմ կատարելու, որովհետև պատասխանատվություն է լավ մատուցել այդ երգը, քանի որ ինքն ու մայրս շատ նուրբ են մատուցել»,- Tert.am Life-ի հետ զրույցում, համերգից հետո ասաց Լիլի Էլբակյանը:
Նա նշեց, որ հանդիսատեսը շատ լավ է արձագանքում, լավ խոսքեր ու մեկնաբանություններ է գրում:
«Ես շատ սիրեցի «Նեմրա»-ի համերգը, առաջին անգամ էի խմբի մենահամերգին ու շատ լավ էմոցիաներ ստացա:
Երեկ համերգից հետո ընկերներիս պատմում էի, որ համերգի ժամանակ ներկայացում խաղալուց ավելի ուժեղ զգացողություններ եմ ունեցել ու հաճույք ստացել»,- անկեղծացավ դերասանուհին: