Սովորաբար իմ հոդվածներում
չեմ անդրադառնում լրագրողական աշխարհի իրադարձություններին, միջադեպերին, թեև մասնագիտական
համերաշխությունը ոչ ոք չի չեղարկել նաև իմ համար: Այսօր ցանկանում եմ անդրադառնալ
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի և հայ լրագրող Հայկ Խալաթյանի միջև տեղի ունեցած միջադեպ-բանավեճին,
բայց ոչ թե Զախարովայի կամ Խալաթյանի փաստաբանի կարգավիճակով:
Խնդիրը երևույթի խորքային
բովանդակության մեջ է:
Որպես հայ լրագրող,
որպես հայրենասեր հայ մարդ, Հայկ Խալաթյանը պարտավոր էր բարձրացնել (շնորհակալ եմ նրան)
Արցախում հայկական մշակույթի կոթողների պղծման հարցը՝ դա լրացնելով Հայրենական մեծ
պատերազմի հերոսների հուշարձանների նկատմամբ ադրբեջական վանդալիզմի դրվագներով: Դա
Ռուսաստանի համար շատ ցավոտ հարց է, ավելին, նաև դրա պատճառով է այսօր Ռուսաստանը պատերազմում
ուկրանացիզմի դեմ (այո, ես դա համարում եմ ուկրանացիզմ): Իսկ ինչո՞ւ էր Զախարովայի
պատասխանն այդքան ջղաձիգ, մի՞թե նրա համար Էստոնիայում, Լեհաստանում կամ մեկ այլ տեղ
սովետական զինվորների փառքի հուշարձանները հավասարազոր չեն Արցախում նույնատիպ հուշարձաններին:
Համոզված եմ, որ այդպես չէ: Բայց Հայկ Խալաթյանին տրված պատասխանն ու դրա ոճն ամենևին
էլ Հայկին չի ուղղված:
Դա ուղիղ պատասխան
է ՀՀ այսօրվա իշխանություններին ու անձամբ Նիկոլ Փաշինյանին: Փաշինյանն էր, ով Մոսկվայի
շքերթին մասնակցելուց առաջ Էստոնիայում ծաղկեպսակ դրեց «կոմունիզմի զոհերի» հուշահամալիրում,
ով ամեն ինչ արեց՝ վարկաբեկելու ՀԱՊԿ-ն, ով հայտարարեց, թե «Իսկանդերը» 10 տոկոսով
է պայթել: Միջազգային քաղաքական հարթակներում Փաշինյանի կառավարության ու իշխանության
ներկայացուցիչներն են, որ հակառուսական քվեարկություններ են կատարում: Հայստանի հանրային
հեռուստաեթերում են նսեմացնում Հայրենական պատերազմում սովետական ժողովուրդների հաղթանակը,
իբր դա խանգարել է «ծովից ծով» Հայաստան ստեղծելուն: Այո, Զախարովան ճիշտ է անում,
որ հիշեցնում կամ մատնացույց է անում Հայաստանի իշխանությունների, երբ ուրիշ երկրներում
պղծվում են Հայրենական մեծ պատերազմի հերոսների հուշարջաններն ու հուշահամալիրները,
որոնք նաև հա՛յ զինվորի պատվին ու հիշատակին են կոչված:
Իսկ մի՞թե Փաշինյանը
չէր, որ 2020 թվականի հոկտեմբերին մերժեց Ռուսաստանի խաղաղարար միջնորդությունը, որով
հանգեցրեց բազմահազար հայ զինվորների մահվանն ու խեղմանը, և հիմա փորձում է խաբել մեզ,
իբր ռուսները չօգնեցին: Փաշինյա՞նը չէր, որ Պրահայում ճանաչեց Ադրբեջանի տարածքային
ամբողջականությունն ու ռուսների թիկունքում հանձնեց Արցախը Ադրբեջանին, թեև ամեն ինչ
անում է, որ Հայաստանում մարդիկ մտածեն, թե դա ռուսների խարդավանքն էր:
Զախորովան դիվանագիտական
լեզվուվ, բայց ոչ դիվանագիտական առոգանությամբ ասաց. «Никол Воваевич, какой привет
такой ответ»: Ցավալի՞, իհարկե: Իսկ ի՞նչ չարեցինք մենք, որ մեզ այդպես չպատասխանեն,
այդպես չվերաբերվեն: Դա էլ է ակնհայտ. մենք մինչև հիմա հանդուրժում ենք Փաշինյանի ու
նրա դավաճան խմբակի իշխանությունը: