Foto

ԵՄ-ն սոցցանցերի համար տարիքային շեմը հնարավոր է բարձրացնի արդեն այս ամռանը

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Եվրամիության ամբողջ տարածքում սոցիալական ցանցերից օգտվելու տարիքային սահմանափակման բարձրացման հարցն օրակարգում է, և համապատասխան առաջարկը կարող է ներկայացվել արդեն այս ամռանը, հայտնում է Politico-ն։

«Կարծում եմ՝ մենք պետք է դիտարկենք սոցիալական ցանցերին «հետաձգված հասանելիության» հնարավորությունը»,- հայտարարել է ֆոն դեր Լայենը Կոպենհագենում՝ արհեստական ​​բանականության դարաշրջանում երեխաների պաշտպանությանը նվիրված համաժողովի ժամանակ:- Կախված [հետազոտությունների] արդյունքներից՝ մենք օրենսդրական առաջարկով կարող ենք հանդես գալ այս ամռանը»։

Ֆոն դեր Լայենը նշել է, որ չի ցանկանում կանխորոշել փորձագետների խմբի եզրակացությունները, որոնք ներկայումս քննարկում են համացանցում երեխաների անվտանգության հարցերը։ Մի շարք երկրներ, որոն թվում՝ Ֆրանսիան, արդեն նախաձեռնողականություն են հանդես բերել՝ բարձրացնելով տարիքային շեմը մինչև 15 տարեկան կամ հանդես գալով հարցի համաեվրոպական լուծման օգտին։

Հանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ ԵՄ-ն կարող է որդեգրել Ավստրալիայի փորձը, որն այս ոլորտում «առաջամարտիկ» է և սոցիալական ցանցերից օգտվելու նվազագույն տարիքն արդեն բարձրացրել է մինչև 16 տարեկան։

Տարիքային շեմի բարձրացումը չի նշանակում, որ տեխնոլոգիական ընկերություններն ազատվելու են պատասխանատվությունից։ Ֆոն դեր Լայենը ՏՏ հսկաներին կոչ է արել ապահովելու իրենց հարթակների անվտանգությունը «լռելյայն» (safe by design), ինչպես պահանջում է Թվային ծառայությունների մասին օրենքը (DSA)։

Սոցցանցերից հասանելիության սահմանափակումը որոշակի տարիքային խմբերի համար ուղղակիորեն կախված է «տարիքի հավաստի վերիֆիկացումից», նշել է ֆոն դեր Լայենը՝ մատնանշելով տարիքի հաստատման համար վերջերս թողարկված ԵՄ հավելվածը։

Չնայած այն հանգամանքին, որ այդ հավելվածը ենթարկվել է սուր քննադատության անվտանգության լուրջ խնդիրների պատճառով, ֆոն դեր Լայենը Կոպենհագենում պնդել է, որ այն «համապատասխանում է բոլոր անհրաժեշտ չափանիշներին»։