ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոր հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ զարգացումները. ԱՄՆ նախագահը կոչ է արել Թեհրանին հնարավորինս շուտ արձագանքել Վաշինգտոնի առաջարկներին այս ոլորտում։
«Մենք նաև քննարկեցինք Իրանի հարցը և այն փաստը, որ Իրանի համար ժամանակը սպառվում է միջուկային զենքից հրաժարվելու վերաբերյալ որոշում կայացնելու համար։ Որոշումը պետք է արագ կայացվի», - գրել է Թրամփը իր Truth Social էջում՝ մեկնաբանելով Պուտինի հետ հեռախոսազրույցը։
«Ես նախագահ Պուտինին ասացի, որ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ, և այս հարցում, կարծում եմ, մեր միջև համաձայնություն կա: Նախագահ Պուտինն առաջարկեց մասնակցել Իրանի հետ քննարկումներին, ինչը, թերևս, կարող է օգտակար լինել այս հարցի արագ լուծման առումով։ Իմ կարծիքով, Իրանը ձգձգում է այս շատ լուրջ հարցի վերաբերյալ որոշում կայացնելը։ Մեզ հստակ պատասխան է պետք՝ շատ շուտ», - հավելել է ԱՄՆ նախագահը։
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին նախկինում հայտարարել էր, որ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ԱՄՆ-ի պայմանները հակասում են ազգային շահերին: Երկրի արտաքին գործերի նախարարությունը նաև ուրանի հարստացման արգելքը որպես կարմիր գիծ է նշել:
Աղբյուրը՝ tert.am