Foto

Երևանում այսօր կմեկնարկի Արամ Խաչատրյանի անվան 21-րդ միջազգային մրցույթը

Այսօր անվանի հայ կոմպոզիտոր, դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է: Մեծանուն կոմպոզիտորի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու նպատակով ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել են Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն, ծաղիկներ խոնարհել նրա շիրիմին:

Ներկա են եղել նաև «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն Մարտին Թովմասյանը, Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սմբատյանը, անվանի դաշնակահար և դիրիժոր Վահագն Պապյանը, ինչպես նաև մրցույթի՝ արտերկրից ժամանած ժյուրիի անդամներ, մասնակիցներ, երաժշտարվեստի ներկայացուցիչներ, արվեստասերներ և դպրոցականներ։

Ներկաներն ընդգծել են Արամ Խաչատրյանի հարուստ ժառանգության վերաիմաստավորման ու նորովի գնահատման անհրաժեշտությունը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այս համատեքստում կարևորել է Արամ Խաչատրյանի անվան ամենամյա միջազգային մրցույթի անցկացումը՝ նշելով, որ այն ուղղված է ոչ միայն երիտասարդ և տաղանդավոր երաժիշտների բացահայտմանը, այլև Արամ Խաչատրյանի երաժշտական ժառանգության հանրահռչակմանը։

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Երևանում այսօր կմեկնարկի Արամ Խաչատրյանի անվան 21-րդ միջազգային մրցույթը, որն այս տարի կանցկացվի «դիրիժորություն» մասնագիտական կարգում։