Երևանը նույնպես աչքի է ընկնում ասֆալտապատման, նոր ճանապարհների կառուցման գործում, այդ թվում՝ բակային հատվածներում, գովելի է այդ ամենը, բայց որ ճանապարհաշինարարները որոշ հատվածներում աշխատանքները կատարում են թերի, ժողովրդի լեզվով ասած՝ «փնթի», ապա ով է դրա պատասխանը տալու:
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Նուբարաշենի վարչական տարածքում է գտնվում վերջերս հիմնովին ասֆալտապատված, մի քանի կմ-անոց ճանապարհ:
Այդ ճանապարհը Երևանը կապում է Արարատի մարզի մի քանի գյուղերի հետ ու հարց է առաջանում՝ որ ընկերությունն է ճանապարհը վերանորոգել, ասֆալտապատել ու հանձնել շահագործման, և արդյոք Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, ճանապարհային դեպարտամենտի հիմնադրամի տնօրեն Արկադի Չերչինյանը, Նուբարաշենի թաղապետ Անդրանիկ Գասպարյանը տեղեկացած են, թե ինչ վիճակ է տիրում նոր վերանորոգված ճանապարհին:
Ճանապարհի նստվածքի պատճառով առաջացել են հսկայական ճաքեր, որոշ հատվածներում էլ մարդաբոյ փոսեր, ճանապարհի կողնակում էլ լցված է մի քանի տոննա շինարարական աղբ և որ ամենացավալին է՝ նշված հատվածում, ըստ քաղաքացիների, մի քանի ճանապարհատրանսպորտային պատահարներ են տեղի ունեցել, երջանիկ պատահականությամբ զոհեր և վիրավորներ չեն եղել: