Foto

Սրտաբանը երիտասարդների մոտ սրտի հանկարծակի կանգի պատճառ է նշել

Երիտասարդների մոտ մահացու ելքերի մեկ քառորդը կապված է հանկարծակի սրտի կանգի հետ:

Նման տվյալներ է նշել սրտաբան Եվգենիա Բոգաեւսկայան «Երեկոյան Մոսկվա» թերթին տված հարցազրույցում:

Մասնագետը նշել է, որ մտահոգիչ վիճակագրություն է ներկայացվել Եվրոպական սրտաբանության ընկերության (ESC) վերջին գիտական ​​​​համաժողովում: Ըստ տվյալների՝ սիրտն ամենից հաճախ կանգ է առել մոտ 23 տարեկան տղամարդկանց մոտ:

Դեպքերի մեծ մասում նրանք նոպայից առաջ որևէ ախտանիշ չեն զգացել, միայն մեկ երրորդն է դիմել բժշկական օգնության՝ ցնցումների, ուշագնացության, արագացած սրտի բաբախյունի, սրտխառնոցի կամ վարակի ախտանիշների պատճառով:

Բոգաեւսկայան նշել է, որ դժվար է որոշել հանկարծակի սրտի կանգի պատճառները: Ռիսկի աճ կարող է առաջանալ ժառանգական գործոնների, քրոնիկ հիվանդությունների, վատ սովորությունների և ավելորդ քաշի պատճառով: Բացի այդ, ըստ նրա, ռիսկի խմբում են պրոֆեսիոնալ մարզիկները, ովքեր մշտական ​​​​ծանրաբեռնվածության ֆոնին կարող են զարգացնել սրտի թաքնված հիվանդություններ:

Որպես կանխարգելիչ միջոց Բոգաևսկայան խորհուրդ է տվել պահպանել առողջ ապրելակերպ, զբաղվել չափավոր ֆիզիկական ակտիվությամբ և պարբերաբար անցնել բժշկական զննումներ: